Իրանի դեսպանի կարևոր հայտարարությունը. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է ուզում Հայաստանը

  • 17:16 06.02.2024

Իրանի համար նախընտրելի է Հայաստանի տարածքով դեպի Սև ծով ճանապարհը, քան Ադրբեջանով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նրա խոսքով, հայկական երթուղին երկու օրով կարճ է ադրբեջանականից։

«Իրանը դեպի Սև ծով Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղին համարում է լավագույն ճանապարհը, իսկ հայկական կողմի համար նախընտրելի է Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց երթուղին»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ հայկական երթուղու գրավչությունը բարձրացնելու համար պետք է իջեցնել սակագները, նոր ճանապարհներ կառուցել։ Իրանցի դիվանագետն առանցքային խնդիր է անվանել ենթակառուցվածքների զարգացումը։

Իրանը ռազմական և քաղաքական գործողություններով ցույց է տվել, որ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, ասել է Մեհդի Սոբհանին։

Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները համարում է ռազմավարական՝ ծառայեցնելով ի շահ Հարավային Կովկասի և տարածաշրջանի կայունությանը։ «Մեր կառավարությունների միջև կա փոխըմբռնում, և մենք քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ։ Սա ծառայում է տարածաշրջանի օգտին և տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է դեսպանը։

Հայաստանի տարածքով արտատարածքային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հավակնությունների մասին հարցին ի պատասխան դեսպանը նշել է. «Իրանի դիրքորոշումն այս հարցում առավել քան պարզ է, և մենք միշտ ընդգծել ենք դա. մենք դեմ ենք տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և աշխարհաքաղաքական փոփոխություններին»։

Հարցին, թե ինչ գործողությունների է պատրաստ Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, դեսպանը նշեց, որ միայն ենթադրությունների վրա հիմնված գնահատականներ տալ հնարավոր չէ։
«Ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա դրանք կախված են Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից»,- հավելեց դեսպանը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանը կարևոր հայտարարություններ է անում տարածաշրջանում վճռական գործընթացների նախաշեմին։ Իրանի դեսպանի հայտարարությունները նախազգուշացում են ոչ միայն Բաքվին ու Մոսկվային, ովքեր ցանկանում են վերացնել հայ-իրանական սահմանը և տորպեդահարել Պարսից ծոց-Սև ծով Հայաստանով անցնող միջանցքը։ Սա նախազգուշացում է առաջին հերթին Երևանին, որի քաղաքականությունը կապում է Իրանի ձեռքերը։ Եթե ​​Հայաստանն ինքնակամ համաձայնի հանձնվել ու անհետանալ որպես պետություն, ի՞նչ կարող է անել Իրանը, ասում է դեսպանը։