Աբրահամյան․ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ո՞ւնի, ապա ո ՞ւր են Արցախում ապրող հայերը

  • 18:26 06.02.2024

«Բանակցային գործընթացը բերել հասցրել են մի կետի, երբ արդեն հստակ չի, թե ինչի՞ շուրջ են իրական բանակցությունները, որո՞նք են այն փաստաթղթերը, որոնք գոյություն ունեն կամ չունեն: Այդքան չարչրկված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ո՞ւնի, թե՞ չունի: Եթե ունի, ապա ո ՞ւր են Արցախում ապրող հայերն ու այդ փաստաթղթով նրանց տրված անվտանգային երաշխիքները: Եթե դա գոյություն չունի, ապա ո՞ւր են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումները»,- ԱԺ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտորեն իշխանությունը խճճվել է ստի, կեղծիքի ու չիրականցված խոստումների ճահճում, իսկ նրա գործունեության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի: Մեր իրականությունում մարդիկ արդեն հստակ գիտեն, որ Հայաստանի գլխին նոր պատերազմի հիմքում փաշինյանական իշխանությունն է՝ քանի իրենք կան, նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են»,- հայտարարեց նա։

Աբրահամյանի խոսքով՝ 2022 թվականին իշխանությունն ասում էր, որ եթե Արցախի հարցով նշաձողը չիջեցնենք, ապա նորից կռիվ կսկսի։ 2023 թվականին նույն իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ սինխրոն համոզում էր հանրությանը, որ ռեւանշիստական ուժերն են խանգարում խաղաղության գործընթացին, իսկ իրենք սլանում են դեպի այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Իսկ ի՞նչ տեսավ հասարակությունը 2020-2023 թվականներին՝ պատերազմ, զիջումներ, մարդկային եւ տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն: «Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս: 2024 թվականին իշխանությունը հանրությանը փորձում է մանիպուլացնել՝ այլ թեմա հանրային օրակարգ բերելով՝ Սահմանադրությունը փոխենք, մեր արմատները ուրանանք, պատմությունը խմբագրենք, ժողովրդի իղձերն ու նպատակները թաղենք, հայկականությունը խորտակենք, որպեսզի պատերազմ չլինի: Մեռաք ձեր ասած 29 800 քառակուսի կմ տարածքը հանձնելով, թե բա՝ կարմիր գիծ է, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն: Ո՞ւր է: Այս հասարակությունը, որը տեսել է, թե ինչպես իշխանությունը խոստացել-ֆռռացրել-խաբել ու արել ճիշտ հակառակը, արդեն ամեն ինչ գիտի նույն իշխանության վարքի ու որակների մասին»,- հայտարարեց նա։

f