“Հայոց” բառի մեջ հակապետական ի՞նչ կա, որ ուզում եք փոխել

  • 19:00 06.02.2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտնվեց նախագիծ, որով «Հայոց պամություն» դասագիրքը նախատեսվում է փոխարինել «Հայաստանի պատմություն» տերմինով։ Տեղեկացանք, որ շատ դպրոցներում բունտ է հասունանալու Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով»։ 

ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի նիստում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն՝ իշխանությանը մեղադրելով ազգը, ժողովուրդն ու պետությունը հակադրելու մեջ: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ չի կարող ժողովրդի շահն անջատ լինել Հայաստանի Հանրապետության շահից:

«Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքն ու գաղափարն ու տարբեր կետերում վերագտել  այդ պետականությունը, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում»,-ասաց Ռուբինյանը:

Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Ուրիշ դարդ ու ցավ չկա՞, որ հանկարծ որոշում կայացվեց «Հայոց պատմությունը» փոխել «Հայաստանի պատմության» հետ: Սա՞ էր, հավանաբար, ամենամեծ խնդիրը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նկատեց՝ «Հայոց պատմություն», թե «Հայաստանի պատմություն» հարցի շուրջ քննարկումը ոչնչի մասին է:

««Հայոց պատմություն» նշանակում է Հայաստանի պատմություն, դա գրաբարյան ձևն է: Բնականաբար, հայ երեխան, ուսանողը պետք է սովորի Հայաստանի պատմությունը և հայերի պատմությունը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ եթե խնդիրը ռուսերեն թարգմանության մեջ է, ապա ռուսերենում կարող են գրել «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն», իսկ հայերենում պահպանել «Հայոց պատմություն» անվանումը:

f