Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։
-Պարո՛ն Աղաբեկյան, կան տեղեկություններ, որ ինչ-որ մարդիկ արցախցիների ցուցակ են կազմում՝ Արցախ վերադառնալու համար։ Ի՞նչ տեղեկություն ունեք դուք։
-Այո՛, դրա մասին ես էլ եմ բարձրաձայնել։ Հանրային տարբեր շրջանակներում քննարկումներ են գնում, տարբեր թվեր են ասում։ Իմ վերջին հարցազրույցն այն մասին էր, ու կոչ եմ արել արցախահայերին, որ եթե իրենց որեւէ մեկը մոտենում ու նման առաջարկ է անում, պարտադիր կերպով հանրայնացնեն սոցիալական ցանցերի միջոցով, որպեսզի բոլորն իմանան, թե ովքեր են այդ մարդիկ, որ դավաճանի խարանն իրենց վրա ման գան։ Այսօրինակ խոսակցություններին անդրադարձ է կատարել նաեւ Սամվել Բաբայանը՝ պնդելով, որ ինքը նույնպես տեղեկություններ ունի որոշակի բիզնես շրջանակների՝ այդպիսի գործունեության վերաբերյալ։ Ես մեկ այլ լրատվամիջոցի միջոցով դիմել եմ իրավապահ մարմիններին, հիմա էլ ձեր միջոցով եմ դիմում, որ պարտադիր կերպով գնան այս տեղեկությունների հետեւից։ Իրականում սա ազգային անվտանգության հարց է, եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք պետք է Ադրբեջանի կատարածը լեգիտիմացնեն, ապա պետք է համապատասխան իրավական գնահատական տրվի այդ մարդկանց գործունեությանը։ Դա զուտ Արցախին չի վերաբերում, դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին մեծ հարված է, եւ ըստ այդմ՝ ազգային անվտանգության մարմինները պետք է զբաղվեն այդ մարդկանցով։
–Վերադարձ ո՞ր դեպքում պետք է լինի։ Արցախի 240 քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ բարձրացվում է միջազգային խաղաղապահների, միջազգային երաշխիքների առկայության դեպքում վերադարձի մասին։ Ի՞նչ պայմաններ պետք է լինեն վերադարձի համար։
-Ես 240 եւ ավելի կազմակերպությունների հայտարարության նախաձեռնող խմբում եմ եղել։ Ես նույնպես համամիտ եմ այդ նախապայմաններով վերադարձին եւ իրատեսական եմ համարում դա։ Այդ նախապայմաններում հաշվի է առնված նաեւ միջազգային հանրության շահը։ Մենք ընդամենը պահանջում ենք անվտանգության եւ իրավունքների երաշխիքներ։ Մենք տեսանք, թե ռուսական նախադեպն ինչ ավարտ ունեցավ, եւ հիմա հստակ ներկայացնում ենք այն նախապայմանները, որոնք միջազգային իրավունքի տեսակետից կարող են ընդունելի լինել։ Եվ միջազգային հանրությունը շատ հանգիստ կարող է դա իրականություն դարձնել՝ համապատասխան քաղաքական կամքի պարագայում։ Սա նաեւ ինդիկատոր կլինի մեզ համար՝ հասկանալու, թե Արեւմուտքն իրականում Հարավային Կովկասում զուտ խոսքերով է ուզում ներկա լինել, թե՞ պատրաստվում է գործնական քայլեր անել։ Եթե չի ուզում քայլեր անել, ըստ դրա նաեւ տրամաբանական եզրահանգումներ պիտի անենք։
–Այսինքն՝ ռուս այսպես կոչված խաղաղապահների ձեւաչափից դո՞ւրս պետք է փնտրել անվտանգության երաշխիքներ։
-Այո՛, միանշանակ։ Մենք ռուսական խաղաղապահ առաքելության փորձն արդեն ունենք, տեսել ենք, թե ինչով է ավարտվել։
-Ի՞նչ աշխատանք պետք է տարվի միջազգային հանրության հետ՝ այդ երաշխիքների հարցում արդյունքի հասնելու համար։
– Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվում։ Ովքեր էլ քաջություն ունեն ճշմարտությունն ասելու եւ խոսելու սրա մասին, իմ կարծիքով, խոսելը բավարար չէ, քիչ է։ Ինչպես հասկանում եմ, մենք ունենք նաեւ միջազգային խաղացողների շահերի հետ հաշվի նստելու խնդիր։ Եվ եթե տեսնում ենք, որ ուրիշները ձեռքերը ծալած նստած են, քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակության տարրերը, այդ թվում՝ նաեւ ԶԼՄ-ները պետք է լուծումներ փնտրեն։ Մենք այժմ որոշակի գործընթացներ սկսել ենք, որոշակի պատկերացումներով կիսվում ենք տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է այդ բացը լրացնել։ Լրջագույն բաց կա միջազգային հանրության հետ այն լեզվով խոսելու հարցում, ինչպես նշված էր այդ հայտարարության մեջ։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունը փաստացի անհատական իրավունքներից, մաքսիմում հայկական պատմամշակութային ժառանգության հարցերով զբաղվելուց այնկողմ ոչ մի այլ հարցով չի ուզում զբաղվել։
–Հայտարարությունում շեշտադրվում է նաեւ Արցախը ՄԱԿ-ի վերահսկողությանը և կառավարմանը հանձնելու մասին, ինչպե՞ս եք պատկերացնում սա։
-Խնդիրը կառավարման մեջ է, Ադրբեջանի ուղիղ կառավարումը բացառելու դեպքում այդպես պետք է կառավարումն իրականացվի։ Համաձայնություն լինելու դեպքում մնացածը տեխնիկական հարցեր են։ Քաղաքական որոշման հարց է, եթե ՄԱԿ-ի կառավարման ինչ-որ մոդել առաջարկեն, ցանկացած պարագայում այդ մոդելները քննարկվելու են։ Բայց պետք է հասնել դրան, որ իրենք ինչ-որ մոդել առաջարկեն։
-Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն նույնպես խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Հանձնախմբի հայտարարության մեջ վկայակոչվում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որ Ադրբեջանը պետք է ապահովի Արցախի քաղաքացիների անվտանգ վերադարձը։ Արդյոք չպե՞տք է այս հանձնախմբի շրջանակներում հստակ դրվի նույն միջազգային երաշխիքների հարցը։
-Իրենց հայտարարության մեջ մի տեղ «միջազգային երաշխիքներ» արտահայտությունն օգտագործել են, բայց, այո՛, չկա հստակություն։ Առնվազն այնպիսի հստակություն չկա, ինչպիսին դեկտեմբերի 9-ի հայտարարության հստակությունն է։ Ավելին, նաեւ լրջագույն խնդիրներ կան, հստակություն չկա, թե ում կողմից են լիազորված։ Գրված է՝ «համապատասխան լիազորությամբ օժտված, քաղաքական կուսակցությունների համագործակցությամբ ստեղծված հանձնախումբը», դժվար հասկանալի ձեւակերպներով է։ Ասում են՝ արցախցիների հիմնարար իրավունքները միջազգային ատյաններում ներկայացնելու են, բայց ինչպես ու ինչ լիազորությամբ են ներկայացնելու, հարց է։ Հստակություն պետք է լինի։ Ես կոչ եմ անում այդ հանձնախմբի անդամներին հարցազրույցներ տալ, փակագծեր բացել, մարդիկ պետք է հասկանան, թե իրենք ինչ աշխատանք են իրականացնում։ Ամիսը մեկ անգամ մի հայտարարություն են անում, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։