«Կա իրողություն, որն ստեղծվել է պատերազմից հետո»․ Ալեն Սիմոնյան

  • 16:36 07.02.2024

«Որեւէցե մեկը չի ասում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր հանդեպ, դա փաստ է։ Եվ նաեւ պետք է արձանագրենք` բա մենք ինչպե՞ս ենք տրամադրված մեր հարեւան երկրների նկատմամբ այս վերջին, կարելի է ասել, 100 ամյակի ընթացքում։ Նույն ձեւ թշնաբար ենք տրամադրված եղել եւ նույնպես թշամի ենք հանդիսանում մեր հարեւանների համար։ Իրենք էլ մեզ են այդպես ընկալում։ Լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ իրենք ուզում են Հայաստանն ապահովագրել։ «Ասում եք, որ մենք բերում ենք թուրքական, ադրբեջանական ինչ-որ բաներ ենք ասում։ Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում, մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրենք հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ եւ չի էլ կարող պատրաստ լինել՝ էլի օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Դա է ընդամենը, այսինքն՝ կա իրողություն, որն ստեղծվել է պատերազմից հետո»։

Ալեն Սիմոնյանը նաեւ հարցադրում արեց․ «Կարո՞ղ է մենք նաեւ մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրներն օգտվում են այս իրավիճակից, եւ մենք դա չենք նկատում։ Եվ ես խոսում եմ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի մասին։ Երբ դուք ասում եք՝ մենք մեր սխալներն ունենք, այո, մենք էլ մեր սխալներն ունենք։ Իսկ կարող է այդ սխալների մեջ մտնում է նաեւ այն, որ նրանք օգտվում են, եւ մենք դա չենք նկատում եւ ջո՞ւր ենք լցնում իրենց ջրաղացին։ Անում ենք մենք այդ բանը՝ չհասկանալով։ Բավական է մի հատ ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները վերցնում են այդ նարատիվը։ Լրատվամիջոցներն ընդհանրապես տվել անցել են բոլոր չափանիշները»։

Խոսելով պատերազմից հետո ստեղծված իրաղությունների ճանաչման մասին, Ալեն Սիմոնհանը մոռանում է, որ 3 տարի առաջ եղել է մեկ այլ պատերազմից հետո ստեղծված իրողություն, որին Բաքուն եւ Մոսկվան չեն համակերպվել։ Ալիեւը չի ասել՝ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, իսկ Մոսկվան չի ճանաչել ԼՂՀ-ն։ Իրողությունները փոփոխական են, ինչպես նաեւ օրվա իշխանությունը։ Ինչքան էլ Փաշինյանը իրեն Պապ թագավորի հետ համեմատի, նա թագավոր չէ եւ ազգային տարածքները աջուձախ անելու ժառանգած լիազորություն չունի։

Գուցե, Չորրորդ հանրապետություններն Փաշինյանին ու Ալիեւին հենց “հայր-հիմնադիրների” լիազորություն ստանալու համար են պետք։ Ալեն Սիմոնյանն էլ դուքս կլինի։ Բայց Նազարբաեւի օրինակը բոլորի աչքի առաջ է։