«Երբ ձեր կառավարությունը ներկայացրեց եւ ձեր քաղաքական մեծամասնությունը վավերացրեց Հռոմի ստատուտը, մեկ հիմնական հիմնավորում էր բերվում առ այն, որ դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի այն հանցագործներին, որոնք հանցագործություն են կատարել զինվորների, գերիների նկատմամբ, գլխատել են, պղծել են կին զինծառայողների մարմիններն։ Ես հրապարակավ մի քանի անգամ արտահայտվեցի, որ ես շատ կասկածում եմ, որ այս կառավարությունն ադրբեջանցի կիրթ եւ կառուցողական իրենց գործընկերների նկատմամբ հետապնդում կսկսի Միջազգային քրեական դատարանում։ Որպեսզի իմ կասկածները հիմնավորվեն կամ ցրվեն, կխնդրեմ տեղեկացնել՝ ձեր կառավարությունն արդյոք որեւէ քայլ ձեռնարկե՞լ է ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Վերջիվերջո, մենք հասկանում ենք, որ կին զինծառայողների մարմինը պղծել է ոչ թե ինչ-որ շարքային ասկյար, այլ հենց ինքը՝ Ալիեւը, իր խրախուսմամբ ու թողտվությամբ է կատարվել այդ ամենը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Գրիգոր Մինասյանն ասաց, որ դեռեւս 7 օր է՝ ինչ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել։ «Լավ չհասկացա՝ ինչո՞ւմ էր ձեր հարցի սարկազմը, սա կոնկրետ միջազգային պայմանագիր է, որը վավերացրել ենք, որը մեզ հնարավորություն է տալիս ռազմական հանցագործությունների բացահայտման համար միջազգային գործիքակազմ ներառել մեր օրենսդրության ու փորձի մեջ»։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ անձամբ Ալիեւը պետք է պատասխանատվության ենթարկվի․ «Ամենի պատասխանատուն եւ մեղավորը Իլհամ Ալիեւն է, նա է ցեղասպանության կազմակերպիչը եւ ցեղասպանություն իրականացնողը։ Դուք ցեղասպան Ալիեւի դեմ հայց ներկայացնելու եք, թե՞ ոչ։ Եթե այո, ե՞րբ, եթե ոչ՝ ինչո՞ւ»։
Նախարարն ասաց, որ միջազգային նման պայմանագրերի վավերացումը եւ ներմուծումը պետական համակարգ ստիպում է թե մեր կառավարությանը, թե հետագա բոլոր կառավարություններին գործել հենց միջազգային սկզբունքների համաձայն։ Եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար, լինելու է նաեւ պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: