«Սյուզն Բենթո բլոգի» երիտասարդ հիմնադիր Սյուզաննա Բաղդասարյանի կարգախոսը հետևյալն` ձեր բենթոները իմ մոտեցմամբ:
Մրցակցային շուկայում նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը կարելի է որակել որպես ինքնատիպ և նորաոճ:
Բենթո տորթեր պատրաստելու գաղափարը ծագել է Ստեփանակերտում, իր երեխայի ծնվելուց հետո: «Քանի որ յուրաքանչյուր նորաթուխ մայրիկ ժամանակավոր հրաժարվում է իր հիմնական գործից, հետևաբար ունենում է հոբբիով զբաղվելու կարիք: Համենայնդեպս ես չէի կարողացել անգործ նստել տանը, բայց փոքրիկի հետ չէր ստացվում տնից դուրս աշխատել: Դրա համար որոշեցի զբաղվել ինձ հոգեհարազատ աշխատանքով: Մտերիմներիս հավաստիացմամբ ինձ մոտ թխվածքները լավ էին ստացվում: Սկսեցի հետևել շատ հայտնի բլոգերների, ովքեր զբաղվում են բենթո տորթերի արտադրությամբ: Հետո մտածեցի, որ գրագետ և պլանավորված ձևով բլոգ վարելը պետք է դառնա իմ առօրյայի մի մասը: Մի կողմ թողեցի բոլոր բարդույթներս և կարողացա հաջողության հասնել բլոգ վարելու հարցում: Արդեն ունեմ մեծաքանակ հետևորդներ: Ամենագլխավորն այն էր, որ ուզում էի իմ կարգավիճակում գտնվող մայրիկներին ցույց տայի, որ հնարավոր է առօրյան հետաքրքիր կազմակերպել: Իմ երեխայի համար գնումներ կատարելիս նշում էի, թե որտեղից եմ կատարում, գուցե ինչ-որ մեկին օգտակար կլիներ: Բայց ի սկզբանե նշեմ, որ դոմինանտ դերում գումար վաստակելը չէր: Սկզբից այն իմ սիրելի զբաղմունքն էր, որը հետագայում վերածվեց եկամտի աղբյուրի: Ամեն պատվերից հետո բացահայտումներ էի անում և հասկանում էի` ինչը պետք է փոխեմ, թարմացնեմ»,-պատմում է Սյուզաննան:
Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքը Արցախի զարգացումն ու ծաղկումն էր, և Հայաստան գալուց հետո հեշտ չէր բաց թողնել անցյալն ու ամեն ինչ սկսել նոր էջից: Չարաբաստիկ դեպքերից հետո կորել էր եռանդն ու ստեղծագործելու ունակությունը: Այնինչ, հանգամանքները ստիպում էին գործել ոչ թե ըստ ցանկության, այլ ըստ անհրաժեշտության: Սյուզիի ընտանիքը դեռ նոր էր հաշտվել ծննդավայրի կորստի, փախստականի կարգավիճակ ստանալու հետ, երբ բնակվարձերի թանկացման պատճառով ստիպված էր նոր գործիքներ պատվիրել և արագ վերսկսել բենթո տորթերի արտադրությունը:
«Պետք է թողնեինք Արցախը: Ահավոր էր տեսնել այն անկյունը, որտեղ դու աշխատում էիր, ստեղծագործում էիր, տեսնել քո գործիքները, որոնց այլևս ձեռք չես տա… Որովհետև չէիր գիտակցում, թե ինչ է կատարվում և ինչ պետք է քեզ հետ վերցնես: Կարծես մի վայրկյանում ամեն ինչը զրոյացավ: Այդ պահից ամեն ինչ ավարտված էր թվում»:
Չնայած տխրությանը և կարոտին` Սյուզաննան նոր վայրում փորձում է հաճախորդներ ձեռք բերել և շարունակել բլոգ վարել: Ապագայի հետ կապված պլաններ շատ կան: Մտադիր են մնալ Հայաստանում և նորույթներ մտցնել շուկա:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: