ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան մտադիր է վերսկսել աշխատանքը Հայաստանում

  • 18:55 07.02.2024

Արցախից ներքին տեղահանվածների սոցիալական և իրավական կարիքները արժանահավատորեն արձանագրելու համար անհրաժեշտ է վերսկսել Արցախի արհմիությունների ֆեդերացիայի աշխատանքը։

Այս կարծիքը հայտնեց Արցախի արհմիությունների ֆեդերացիայի նախկին նախագահ Արա Ղահրամանյանը՝ հավելելով, որ ֆեդերացիան մտադիր է իր գործունեությունը համակարգել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ, որի հետ արդեն կապ ու համագործակցություն է հաստատվել։

«Արցախում ֆեդերացիան լայնածավալ գործունեություն է ծավալել սոցիալական խնդիրների լուծման, զբաղվածության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Կառավարության առջեւ խնդիրներ ենք դրել եւ դրանց մեծ մասի լուծմանը հասել ենք։ Հայաստանում մեր քաղաքացիները դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորման, կառավարության որոշումները հասկանալու, իրավական խնդիրների առումով։ Մենք մեր աշխատանքի վերսկսումը համարում ենք անհրաժեշտություն, և դա միայն օգուտներ կտա։ Արցախի քաղաքացիները հնարավորություն ունեն կապ հաստատել Արցախի ֆեդերացիայի հետ, իսկ մենք հնարավորություններ կգտնենք լուծելու խնդիրները։ Մենք պարտավոր ենք վերսկսել աշխատանքը Հայաստանում և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի օգնությամբ ՀՀ կառավարությանը փոխանցել Արցախի քաղաքացիների շահերը»։

Ղահրամանյանն ասաց, որ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել՝ օգնություն ցուցաբերել, զբաղվածություն ապահովել։ Արցախի Հանրային խորհրդի աջակցությամբ բոլոր մարզերում սկսվում են ներքին տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքները։

Ալվարդ Գրիգորյան

f