«Այսօր Ազգային ժողովում արտառոց բան կատարվեց․ Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով Ադրբեջանի հետ փաստաթղթի նախագծից բառացի մեջբերեց մի կետ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Խաղաղության պայմանագրում մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ որքան հիշում է, այս դրույթը ներառելն ադրբեջանական կողմի առաջարկն է եղել։ «Սա նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետեւ որեւէ Սահմանադրական դատարան որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող համարել սահմանադրական, որը կհամարվի վեր ՀՀ օրենսդրությունից։ Եվ վերջին օրերին, երբ կրկնում ենք, որ նոր Սահմանադրության գաղափարը ծնվել է հենց այդ փաստաթղթի պահանջով, հենց այս կետն է, որ նոր Սահմանադրությունով հնարավոր է Սահմանադրական դատարանի հետագա եզրակացությունը շրջանցել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։