Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Պարո’ն Փաշինյան, երբ դուք կասկածի տակ եք դնում Սահմանադրության լեգիտիմությունը, դա նշանակում է նաեւ, որ համաչափ կասկածվում է ձեր իշխանությունը։ Եթե ձեր իրավախորհրդատուները պատշաճ լինեին, կասեին, որ որեւէ միջազգային պայմանագիր չի կարող անցնել օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը»։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրության ներածական մասը որեւէ ձեւով չի կարող մեկնաբանվել Ադրբեջանից տարածքային պահանջների կոնտեքստում։
«Այն ժողովրդին ինքնորոշման իրավունքի՝ միջազգային մակարդակով պաշտպանված սկզբունքի իրացումն է մեր ներպետական օրենսդրության մեջ»,- հավելեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դուք ասում եք՝ Սահմանադրությանը հակասող, նկատի ունենալով 1989 թվականի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Բայց հիմա հենց ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարում, որ այդ որոշումն իրավական ուժ վաղուց չունի, որովհետեւ 1991 թվականին Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող, եւ հետեւաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի»։
Այսօրվա կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանը դիտելիս մեկ-մեկ թվում էր, որ դա Երեւանում չէ, եւ մեկնաբանությունները հայերեն չեն հնչում։ Եթե Երեւանում լիներ, Հայաստանի ղեկավարները հայկական շահերից կխոսեին, ոչ թե կհերքեն հայանպաստ այն փաստարկները, որոնք նույնիսկ մեր թշնամիներն են ճանաչում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: