Ստեփանակերտի բնակչուհի Կարինա Պ.-ն պատմել է, որ արտաքսումից հետո երկրորդ երեխային ծննդաբերել է Հայաստանում և զրկվել երեխաների համար նախատեսված սոցիալական բոլոր նպաստներից։
«Շրջափակում էր, սնունդ, դեղորայք, վիտամիններ չկային։ Յոթ ամիս ընտանիքս և ամուսնուս ընտանիքը փորձում էին աջակցել ինձ։ Ամբողջ հանրապետությունով մեկ փնտրում էին գոնե մի համեղ, առողջարար բան։ Հանուն չծնված երեխայի հերթ էին կանգնում։ Իսկ երբ Արցախից դուրս եկանք, ինձ գրեթե երեք օր գրկած տարան, որ երեխային բան չպատահի»,- պատմեց կինը։
Հայաստանում կինը ծննդաբերել է արտաքսումից երկու ամիս անց։ Երեխային գրանցել են որպես Հայաստանում ծնված, և դա պատճառ է դարձել, որ չվճարվեն արցախցի երեխաներին հասնող սոցիալական և մայրության նպաստները։ Կինը չի կարող դիմել նաեւ ծննդաբերության արձակուրդի համար, քանի որ սեպտեմբերի 28-ին մեկնել է Արցախից, իսկ “դեկրետ” պետք է գնար հոկտեմբերի 2-ին։
«Մենք կապ հաստատեցինք բոլոր իշխանությունների հետ։ Մեզ ասացին, որ մեր երեխան ծնվել է նոյեմբերի 1-ից հետո, հետևաբար Արցախի քաղաքացի չէ, բայց միևնույն ժամանակ, ինչպես է Հայաստանում ծնված երեխան զրկվում է ցանկացած օգնությունից, եւ բոլոր դիմումները մերժվում են։ Մենք շարունակում ենք դիմել։ Մեզ ներքաշեցին բյուրոկրատական քաշքշուկի մեջ, որից ելք չկա: Ասում են, որ ձեր երեխան ՀՀ քաղաքացի է, բայց միևնույն ժամանակ չեն վճարում նաեւ Հայաստանում նորածինների համար օրենքով սահմանվածը»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: