«Անկախության հռչակագիրը, որը հիշատակվում է Սահմանադրության պրեամբուլայում, պարունակում է երկու սկզբունքային հարց՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն եւ Հայաստանի Հանրապետության հանձնառություն՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դատապարտման, սատարման հարցում։ Այդ երկու դրույթները նաեւ ներկա քաղաքական մեծամասնության նախընտրական ծրագրի ու ներկա կառավարության ծրագրային դրույթներն են։ Երբ դուք ուզում եք փոխել դրանք, ո՞ւմ շահերն եք սպասարկում»,- ԱԺ նիստում իշխանություններին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է Ադրբեջանը։ «Անգամ եթե նույնիսկ ձեր ցանկությունը կա բարելավելու, երբ որ թշնամի պետությունը նման պահանջ է դնում, դուք պետք է հետ կանգնեք այդ գաղափարից։ Հակառակ դեպքում դուք ամբողջությամբ բավարարում եք թշնամու՝ ձեզ տրված ցուցումները»,- հավելեց նա։
Մինասյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ «խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա չի խանգարում, որովհետեւ մենք նման համաձայնեցված դրույթ ունենք։ Այ հենց այստեղ է մեխը, դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ, կլինեք Ալիեւի հետ թեյ խմնելիս, թե ինչ հարաբերության մեջ, որը կհակասի Հայաստանի Հանապետության մայր փաստաթղթին։ Այո’, հարցը հանրաքվեով պետք է լուծվի»,- ասաց Մինասյանը։