Մենք ստեղծում ենք միջազգային իրավունքի մեջ նախադեպ, որ հնարավոր է սպառնալիքով կամ ուժով խնդիրներ լուծել

  • 18:15 08.02.2024

«Չափազանց կարեւոր եմ համարում սուբյեկտայնության ամրագրումը․ Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի սուբյեկտ է»,- այս մասին այսօր արցախահայության իրավունքների պաշտպանության հարցով հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ միջազգային իրավունքի տեսանկյունից հենց ժողովրդի իրավունքն է պաշտպանության ենթակա՝ որպես ինքնորոշվելու իրավունք։ «Մեր պահանջը, որն առաջադրում ենք, Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքն է, որ պետք է ամրագրվի»,- ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ այս իշխանությունների նպատակը չորրորդ մի հանրապետության ստեղծումն է, որտեղ չկա որեւէ ազգային նկարագիր, անցյալ, արմատ, արժանապատվություն, չկա ոչինչ, բացի կենսաբանական զանգվածից։ Այս քննարկման շրջանակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ներկայացված նախագծում, ըստ Արծվիկ Մինասյանի, պետք է երեւա ազգային պետության կոնցեպտը։

Նշենք, որ այսօրվա քննարկմանը ներկայացված այս նախագծով առաջարկվում է նաեւ առոչինչ համարել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները, որոնցով Արցախը եւ ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ ճանաչվել են Ադրբեջանի կազմում։ Նշվում է, որ նման հայտարարությունները պաշտոնական ուժ չունեն, չեն անցել վավերականացման ընթացակարգ, հակասում են ՀՀ հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը։ Առաջարկվում է նաեւ վերսկսել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ այս նախագծի ամբողջ տեքստում ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկար։ «Այստեղ պետք է տեղ գտնի ինքնորոշման իրավունքը։ Երկրորդ խնդիրը, որը կուզեի արտացոլվեր այս հայտարարության մեջ, ագրեսիայի կամ ուժի սպառնալիքով ձեռք բերված դե ֆակտո իրողությունն է։ Բացի այն, որ Հայաստանը երբեք չդատապարտեց, բայց նաեւ մենք ստեղծում ենք միջազգային իրավունքի մեջ նախադեպ, որ հնարավոր է սպառնալիքով կամ ուժով խնդիրներ լուծել։ Եվ այսօր Ալիեւը հայտարարում է, որ խնդիրը լուծված է համարում։ Սա նաեւ կարեւոր ուղերձ է արտաքին աշխարհին, սա հակասում է եզրափակիչ ակտին։ Շատ կարեւոր է, որ միջազգային մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք առանցքային են եղել կոնֆլիկտի լուծման ընթացքում, դրանք պետք է այստեղ տեղ գտնեն»,- նշեց նա։

Լիլիթ Գալստյանն ասաց, որ փաստաթղթում պետք է տեղ գտնի ձեւակերպում, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմացրել են սպառնալիքով կամ ուժով խնդիրներ լուծելու իրողությունը։ Եվ այդ իմաստով Հայաստանի իշխանությունները նաեւ հանցակից են ցեղասպանությանը։ Ըստ նրա՝ նաեւ ճիշտ կլինի այսօր խոսել միջազգային մանդատով օժտված երաշխիքների մասին։