Հայրիկյան․ Ի վերջո եվրոպական մի քանի տասնյակ դիտորդներն ավելի մեծ դեր կատարեցին, քան ռուսական զորաբանակը

  • 18:44 08.02.2024

«Այո’, մենք Արցախին առանձնահատուկ դեր տվեցինք, բայց մենք՝ հայերս, ունենք հայկական հարց։ Արցախը հայկական հարցի մի մասն է, եւ մեր մեծագույն ռազմավարական սխալն այս 30 տարիների պետական քաղաքականության ընթացքում եղել է այն, որ մենք չուզեցինք Արցախն ընկալել որպես հայկական հարցի մի մաս։ Բայց հայկական հարցի մյուս տարրերից տարբերվող նրանով, որ այնտեղ ապրող, ինքնորոշվող հայություն կա՝ ի տարբերություն Կարսի կամ Վանի, որը միջազգային իրավունքի համաձայն հայերիս էր պատկանում»,- այսօր արցախահայության իրավունքների պաշտպանության հարցով հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրում Ցեղասպանության վերաբերյալ հիշատակման պայմաններում սխալ էր այն, որ ժամանակին չընդունվեց իրենց առաջարկը, որ մեր սերնդի գլխավոր առաքելությունն է ցեղասպանության հետեւանքների վերացումը։ «Դա վերաբերում էր նաեւ Արցախին, որովհետեւ թուս-թուրքական՝ կոմունիստ-Աթաթուրք գրավման հետեւանքով էր, որ նրանք կարողացան այդ տարածքները տնօրինել։ Վերջին շրջանում երկու լուրջ միջազգային միջոցառումների եմ մասնակցել։ Սարսափելի էր, առաջին անգամ ես տեսա, որ նշում են սովետական միության ազգերին, հայերի անունն արդեն չեն տալիս։ Առաջ հայերի անունն առաջինն էին տալիս, այսինքն՝ թուրքական քարոզչությունը հասել է իր նպատակին։ Բացի նրանից, որ հայ-թուրքական հարաբերություններն ամբողջությամբ վերացած են՝ հակամարտությունն ու թուրքերի պարտավորությունները, թուրքերը կարողացան դա տեղափոխել հայ-ադրբեջանական հարթություն»,- ասաց Հայրիկյանը։

Ըստ նրա՝ Արցախը կար, քանի որ Հայաստանն աջակցում էր Արցախին։ «Հիմա մենք էլ՝ հայերս կարող ենք հաջողությունների հասնել, եթե մեր ճիշտ տեղը գտնենք։ Ամենակարեւորը, ինքներս մեզ չպետք խաբենք։ Այո’, մենք շատ հավատացողներ ենք ունեցել ռուս-հայկական դաշինքին, բայց անձամբ ես չեմ հավատացել։ Իրեն չարդարացրեց։ Հիմա, եթե շարունակենք մեզ խաբել, արժանի կլինենք խաբվածի ճակատագրին։ Ի վերջո եվրոպական մի քանի տասնյակ դիտորդներն ավելի մեծ դեր կատարեցին, քան ռուսական զորաբանակը։ Դա նույնպես փաստ է, որը պետք է արձանագրենք։ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն այս շատ վտանգավոր փուլում պետք է բավական հստակ լինի, որ մենք կարողանանք Հայաստանը դարձնել քաղաքակիրթ աշխարհի մի մաս եւ այդ ճանապարհով ոչ միայն Արցախի հարցը լուծենք, այլ ընդհանրապես զբաղվենք արդարությամբ։ Եթե մենք խուսափում ենք արդարությունից, ճշմարտությունից եւ Նիկոլի նման, իշխանասատկածի նման իրավունքը մոռանում ենք, Արցախի ինքնորոշման իրավունքը մոռանում ենք, մեզ միայն ձախողումներ են սպասվում»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը։ Ըստ նրա՝ Արցախի ինքնորոշման ոտնահարումով ճանապարհ բացվեց շատ այլ բացասական գործողությունների համար։