«Այնպես չէ, որ հայ ժողովրդի թշնամի դարձած Նիկոլի հայտարարություններով ռուսները հիմք չեն ունեցել մեզ Արցախում պաշտպանելու։ Իրենք ունեցել են այլ շահեր, իրենց այդ շահերն են եղել, որ մեզ վաճառել են թուրքին։ Հարյուր տարի առաջ նույնն են արել, այսօր էլ նույնն են անում եւ նույնը կանեն այնքան, մինչեւ մենք տեր չունենանք։ Իսկ մեր տերը մենք ենք»,- այսօր արցախահայության իրավունքների պաշտպանության հարցով հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։
«Իրենք պետք է իմանան` Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ Հայաստանում նաեւ կան ուժեր, անգամ այնպիսի ուժեր, որոնք ռուսներին համակրել են, հիմա չեն վստահում։ Այսինքն՝ իրենք պետք է քաջ գիտակցեն այսքանը։ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններն այնքան են թշնամացել, որ եթե հանկարծ զգան, որ ուրիշ խաղաղապահ ուժեր էլ են գտնվելու Արցախում, իրենց համար շատ վատ է լինելու։ Մենք այդ խաղաղապահ ուժերի հարցը պետք է բարձրացնենք»,- հավելեց նա։
Իսկ ընդհանրապես, ըստ Բադասյանի, մեր բոլոր հարցերի լուծման բանալին մեկ կոդ ունի, հայ ժողովուրդը մեկ կոդ ունի, դա մեր միասնությունն է։ «Միասին ինչ ուզենք, անելու ենք։ Ինչպե՞ս է եղել մեր միասնականության հզոր էներգետիկան, ժամանակակիցները կհիշեն, այնքան մեծ ու հզոր էներգետիկա ենք ունեցել 1988, 1990, 1991 թվականներին, որ աշխարհն էլ հարձակվեր մեզ վրա, որեւէ շանս չուներ կոտրել մեր հաղթանակը։ Հատկապես մեր թշնամիները սարսափում են մեր միասնությունից։ Այսօր իրենք վերջապես հասել են նրան, որ մենք արդեն բզկտված ենք։ Ես առաջարկում եմ, որ հայրենիքի կորստի այս պահին նախ գիտակից մարդկանց համախմբել, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Պետք է միասին հեռացնենք, իսկ ինչպե՞ս հասնենք միասնության, դա պետք է քննարկենք»,- նշեց Բադասյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: