Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։
-Պարո՛ն Ավանեսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի վերամիավորման որոշումը իրավական ուժ չունի։ Նա նշեց, որ 1991 թվականին Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող, եւ հետեւաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Ո՞ւր է այդ որոշումը։ Այն ժամանակ վերադաս մարմինը եղել է ՍՍՀՄ պատգամավորների համագումարը, ո՞ւր է նրանց որոշումը, որ վերամիավորման որոշումն իրավական ուժ չունի։ Չկա նման որոշում, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաներով է զբաղվում։ Այն, ինչը չի չեղարկվել, որոշումը չի բեկանվել, ուրեմն ուժի մեջ է, ինչի՞ մասին է խոսքը։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է։ Իրականում այդ որոշումը չի չեղարկվել, եթե չեղարկված լիներ, Ադրբեջանը տասնյակ տարիներ զուռնա փչելով՝ աշխարհով մեկ հայտարարած կլիներ այդ մասին։ Այդ որոշումն ուժի մեջ է, ինչի հիման վրա էլ նաեւ Անկախության հռչակագիրն է գրվել։
-Եվ ի վերջո տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանը պահանջ է առաջ քաշում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, նկատի ունենալով հենց Անկախության հռչակագրին հղումը։ Այսինքն՝ Ալիեւը լավ գիտի, որ վերամիավորման մասին որոշումը գործում է, դրա համար է բարձրացնում Սահմանադրությունը փոխելու հարց, այդպե՞ս է։
-Խնդիրը այն է՝ Նիկոլ Փաշինյանն այս 6 տարվա մեջ ի՞նչ է արել Ալիեւի հետ, իր վրա ազդելու ի՞նչ լծակներ ունեն, մենք չգիտենք։ Բայց վերելակային հանդիպումից հետո մենք տեսնում ենք, որ անընդհատ մեր իրավունքները հանձնվում են։ Թե ինչ կոմպրոմատ ունեն իր վրա, որ ստիպում են ազգի շահերն այսպես վարի տալ, չգիտենք։ Ընդհուպ, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն է այդ թեզերն առաջ քաշում, ինքը մտածում է, հետո նրանք են ասում։ Եթե վերամիավորման որոշումը չեղարկված լիներ, Ադրբեջանը ոչ թե կստիպի դա Սահմանադրությունից հանել, այլ ցույց կտա ու կասի, որ այդ որոշումն ուժ չունի։
Երկրորդ, եթե Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ-ից ու Ալմա-Աթայի հռչակագրից է խոսում, Ադրբեջանն ԱՊՀ-ին միացել է 1993 թվականին։ Հայաստանը, երբ ստորագրել էր ԱՊՀ ստեղծման այդ հռչակագիրը, մեր խորհրդարանը վավերացրել է՝ հղում անելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դրանից դուրս է։ Այսինքն՝ այս համատեքսում եւս Լեռնային Ղարաբաղի հարցը չեն կարող արանքից հանել, եթե, իհարկե, այստեղ չհանեն։
-Դրա մասին էլ Փաշինյանն ասաց, որ Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ վերապահումները, պարզվում է, չեն ուղարկվել ԱՊՀ, հետեւաբար, ըստ նրա, այդ վերապահումները չեն գործում։ Այսինքն՝ նա ամեն ինչ անում է, որպեսզի չեզոքացնի՞ հայկական բոլոր իրավունքները։
-Մենք տեսնում ենք, որ իր վրա ճնշում կա։ Թե այդ ճնշման հիմքում ինչ է, մենք չենք կարող ասել։ Սա պարտվող ղեկավարի նկատմամբ ճնշում է, որովհետեւ պարտությունից հետո նաեւ հաղթում են, ինչո՞ւմ է խնդիրը։ Երեւի ավելի խորքային բաներ կան, որ այդ ճնշմանը ենթարկվում է ու ընդհուպ այս քայլերին գնում՝ Սահմանադրություն փոխել, եւ այլն։ Կրկնում եմ՝ եթե վերամիավորման որոշումը չկա, ապա ինչո՞ւ է Սահմանադրություն փոխում։ Ադրբեջանը կասեր՝ դա օրինական ուժ չունի, եւ վերջ։ Հետեւաբար, ես պնդում եմ՝ այդպիսի փաստաթուղթ չկա, գոյություն չունի։