Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Արցախում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները, մարդկային պատմություններն ու խեղված ճակատագրերը գուցե շատերին սարսափ ֆիլմ են հիշեցնում, բայց նրանք, ովքեր անցել են այդ դժոխքի միջով, փրկվելը հրաշք են համարում։
Նախօրեին MediaHub-ը ներկայացրել էր գերության մեջ հայտնված ու ադրբեջանցիների կողմից տանջանքների ենթարկված սառնաղբյուրցի Գայանեի պատմությունը։ Նրա հետ նույն վայրից գերեվարված մայր ու որդի՝ 72-ամյա Ջեմմա և 37-ամյա Լիպարիտ Մարդանյանները առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Վերջիններս իրենց համագյուղացի ևս 2 կնոջ հետ ադրբեջանական գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 20-ին։ Թե ինչ է կատարվել նախքան Ստեփանակերտ վերադառնալը՝ մայր ու որդի դժվարանում են պատմել։
«Ծեծել են, անխնա ծեծել են, հաշվի չառնելով, որ վիրավորում ենք ստացել, որ անգամ քայլել չենք կարողանում։ Որտե՞ղ է գրված, որ տարեց կնոջ հետ այդպես վարվեն, մանավանդ բժիշկ կոչվածը, որ «կամեռաների» առաջ ժպտում է, հոգ տանում, քաղցրավենիք հյուրասիրում, ստիպում մենք էլ ժպտանք։ Հետո, երբ անջատում ու էլ չեն նկարում՝ սպառնում էին, ծեծի ենթարկում»,- հիշում է Ջեմմա Մարդանյանը։
Կտտանքների ենթարկելով սառնաղբյուրցի խաղաղ բնակիչներին՝ նրանց նախ ոտքով հասցրել են ադրբեջանական հենակետ, այնտեղից տարել Ակնա (Աղդամ)։ Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ հասցրել են բուժծառայության համար նախատեսված տնակներ, մտածել են, որ փրկվել են, այնինչ բժիշկներն իրար հերթ չտալով` մի կողմից բուժել, մյուս կողմից տանջել են հայ գերիներին։
«Դա հիվանդանոց չէր, այլ նման էր բանտախցի, որտեղ սպիտակ խալաթի տակ թաքնված մարդասպաններ են։ Երբ բժիշկը մտնում էր իմ սենյակ, «ադեալը» գցում էի դեմքիս, հետո ուժեղ հարվածները զգում մարմնիս վրա։ Այդ ժամանակ ես միայն Լիպոյի մասին եմ մտածել։ Եթե ինձ ծեծում են, բա Լիպարիտին ի՞նչ են անում»,- հիշում է իր ապրումները կինը։
Այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով ցուցադրում էին հայ գերեվարվածների մասին տեսանյութերը, թե իբր վերջիններս չեն ցանկացել հեռանալ գյուղից, հայերն են կրակել նրանց ուղղությամբ, իսկ իրենք «ջանասիրաբար» մարդասիրական օգնություն են ցուցաբերում։ Մինչդեռ, տեսախցիկների հակառակ կողմում՝ անպատմելի ցավ ու տանջանքներ են, կտտանքներ, որոնց միջով անցել են նաև մայր ու որդի Մարդանյանները։
«Մենք ընդհանուր 6 հոգով էինք, որից 2-ը՝ Մարտակերտից էին։ Մեր գյուղից Գայանեն ու Լիաննան ռուսերեն խոսել գիտեին, հաղորդակցվում էին։ Ասացին, որ Լիպարիտն էլ առողջական խնդիրներ ունի, իսկ վիրավորվելուց հետո քայլել չի կարողանում, իսկ ես տարեց կին եմ հազար ու մի խնդիր ունեմ, շաքարս բարձր։ Ես մտածել եմ, դա իմ կյանքի վերջին րոպեներն են, չեմ դիմանա»։
Լիպարիտի խոսքով՝ Ադրբեջանի ցուցադրած կադրերում բժշկական միջամտություն են ցուցաբերում։ Ինքը գլխից վիրավորում չէր ստացել, իսկ բժիշկները կապում են նրա գլուխը, թեյ «հյուրասիրում», բայց դրանից դուրս սենյակում ծաղրում ու ծեծում։
«Ես ասում էի, որ ծառայող չեմ, ռազմական գործողություններին չեմ մասնակցել, առողջական լուրջ խնդիրներ ունեմ, բայց ինձ ո՛չ լսող կար, ո՛չ էլ հավատացող»,- ասում է սառնաղբյուրցի 37-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 25-ին, երբ թշնամական ԶԼՄ-ներն արդեն կատարել էին իրենց առաքելությունը, Ակնայում 5 օր պահելուց հետո հայ գերիներին տեղափոխել են Շուշի, այնտեղից փրկարարների միջոցով՝ Ստեփանակերտ։ Հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով Ջեմմային ու Լիպարիտին բժշկական միջամտություն են ցուցաբերել Արցախի փրկարարները, որից հետո նրանք տեղափոխվել են օպերատիվ շտաբ, որտեղ և նրանց խնամքով զբաղվել են շտաբի ծառայողները։
Վերջիններս Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 28-ին։ Հիմա գլխավորն իրենց կյանքում՝ մոռանալ այդ մղձավանջը, դժոխքը, որի միջով մայր ու որդի անցան…
Հունան Թադևոսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: