94-ամյա Շուշիկ Առուշանյանը ծնվել է Արցախի Քարին տակ գյուղում։ Կյանքի 94 տարիների ընթացքում նա եղել է Արցախի քաղաքացի` մինչև 44-օրյա պատերազմն ապրելով հայրենի գյուղում։
Լինելով Արցախից բռնի տեղահանված անձ` Շուշիկ տատն այսօր չի կարողանում իրեն հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալ. նրան համարում են Հայաստանի քաղաքացի, չնայած այն բանին, որ փաստաթղթերն այլ բան են ապացուցում։
Տիկին Շուշիկն անձնագրով Արցախի քաղաքացի է, փաստացի բնակության հասցեով` Քարին տակ գյուղի բնակիչ։ Վերջին անգամ նոր անձնագիր ստացել է 2002թ.-ին, երբ լրացել է նախորդ անձնագրի ժամկետը։
Նոր անձնագիրը նա ստացել է Արցախում, որը նույնպես արցախյան անձնագիր է` “070” կոդով, որով էլ շարունակել է ապրել Քարին տակում։
Շուշիկ տատի դուստրը` Նորան, ապրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ 2020թ.-ի հոկտեմբերի 27-ին` պատերազմի երեսուներրորդ օրը, Նորային է զանգում եղբայրն ու հայտնում, որ իրավիճակը սահմանին թեժ է, մայրիկին ուղարկում է նրա մոտ։
«Եղբայրս` Արթուրը, զինվորական էր, մամային Հայաստան ուղարկելուց հետո` հոկտեմբերի 28-ին, իրեն ուղարկել են առաջադրանքի, որտեղ զոհվել ա», — պատմում է Նորան։
Մինչև 2021թ.-ը Շուշիկ տատը` որպես տեղահանված անձ, այստեղ` Հայաստանում ստանում է իրեն հասանելիք սոցիալական աջակցությունը։
2021թ.-ի հոկտեմբերին տատը որդու կնոջ և նրա երեխաների հետ վերադառնում է Արցախ` Ստեփանակերտ։ Արցախից վերջին տեղահանման ժամանակ նրանք Գորիսի անցակետում հաշվառում են անցնում որպես տեղահանված, ինչը ևս հավաստում է, որ Շուշիկ տատը Արցախի քաղաքացի է։
«2020թ.-ի հոկտեմբերին գնացել ենք Մասիսի անձնագրայինի պետի մոտ, իրենք տվել են թուղթը, որ մաման փախստական տեղահանված ա, ու մենք մինչև 2021թ.-ի հոկտեմբերը մամայի թոշակը ստեղ ստացել ենք։
Հիմա անձնագրայինի պետն ասում ա` չէ, Սովետի անձնագիրը գոյություն չունի (նկատի ունի նախքան 2002թ.-նն ունեցած անձնագիրը) ու մաման Հայաստանի քաղաքացի ա։
Թեկուզ մինչև էդ չի ապրել, Սովետի անձնագրերը չեն հաշվում, բայց 2002թ.-ից հետո` 22 տարի ինքը Արցախի քաղաքացի ա եղել։ Եթե Քարին տակի բնակիչ չի, բա ո՞րտեղ ա ապրել, թող ինձ հասցե ցույց տան, հո օդում չի՞ ապրել», — վրդովված պատմում է Նորան։
44-օրյա պատերազմն ընտանիքից, փաստորեն, երեք զավակ է խլել։ Մեկ օրում Չախմախում զոհվել են Շուշիկ տատի որդին` Արթուր Առաքելյանը, թոռը` Կամո Առաքելյանը ու եղբոր որդին` Մխիթար Առուշանյանը։ Ընտանիքում միայն կանայք ու երեխաներ էին, երբ անցած տարի սեպտեմբերին թշնամին հարձակվեց Արցախի վրա։
«Քեռուս տղու եղբայրն օգնել է, իրենց ավտոներով եկել են, դե տանը տղամարդ չկար, մի եղբորս տղեն ա, էն էլ … հիշողություն չունի, էլի պատերազմի ժամանակ է վիրավորվել ..»,- արցունքներն աչքերին պատմում է Նորան։
Նորան ցավով է ասում, որ մայրը, որն այդքան տարի ապրել ու հավատարիմ է մնացել իր ծննդավայրին` չլքելով այն գեթ մեկ օր, չի կարողանում համակերպվել մտքի հետ, որ ակնհայտ ապացույցների մեջ իրեն չեն համարում Արցախի քաղաքացի:
«1992թ.-ին ինչքան ֆիդային ա եղել, մեր տունն էին ապրում, տղերքը Սոսե մայրիկ են ասել իրեն։
Էն օրն ասում ա` Նորա, ես երբ ամուսնացել, գնացել եմ հարս, դրանից հետո ես ոչ մի տեղ հաց չեմ կերել, բայց արդեն 4 ամիս ա ես ձրի, ոչ թոշակ եմ ստանում, ոչ մի բան, բայց ձեր տունը հաց եմ ուտում, բա ես էդ ոնց տանեմ ..», — արցունքները մի կերպ խեղդելով պատմում է Նորան։
Քնարիկ Վարդանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: