Որդուս անունը Անդրանիկ եմ դրել․․․

  • 12:12 11.02.2024

Տղայիս անունը Անդրանիկ եմ դրել, Անդրանիկ, Անդրանիկ փաշայի անունով․․․

1994 թվականի ապրիլի 24-ն էր, Կարմիր գյուղում մարդիկ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումն ավարտել ցրվում էին տներով, ոմանք էլ պետք է ճանապարհվեին Ստեփանակերտ, երբ տրակտորի վարորդը՝ ողորմածիկ Վալեն դային գյուղամիջից գոռաց՝ ով գալիս է շուտ արեք, ճանապարհվում եմ։ Այդ տարիներին, եթե բախտդ բերում էր, ոտքով չէիր տեղաշարժվում, այլ տրակտորի քարշակին մի կերպ տեղավորված, իսկ երբ բեռնատար մեքենա էր հանդիպում, դա նշանակում է՝ այդ օրը արթնացել ես երջանիկ աստղի տակ։ Ստեփանակերտ գնացողները դժգոհելով շտապում էին, էս մարդն ինչու՞ է ժամը փոխել։ Մեկ էլ Վալեն դային, թե ուշացողին չեմ սպասելու՝ Կարենի կնոջը՝ Նաիրային պետք է հասցնեմ ծննդատուն։ Տրակտորի քարշակո՞վ, ծննդատու՞ն․․․

Մենք ապրում էինք հարևանությամբ, տան ճանապարհն էլ անցնում էր իրենց տան մոտով։ Տուն գալուց տեսա, որ տրակտորն արդեն մոտեցել էր տանը, ինչքան հնարավոր էր, Կարենի հայրական տունը լեռան դոշին էր, իսկ բուժքույրը՝ տիկին Գրետան վազում է ցավերը բռնած կնոջն ընդառաջ, ով մի կերպ իջնում էր քարքարոտ ու ժայռոտ կածաններով։։ Ես երեխա էի, շատ բան չէի հասկանում, մենակ տեսա, որ կանայք տագնապած են։ Մեկ էլ բուժքույրը կանչեց Կարենին ու ասաց․ չենք հասցնելու, բայց որոշումը քոնն է, առաջարկում եմ հետ տանենք տուն։ Որոշեցին երեխան ծնվի տանը։ Ստեփանակերտ գնացողները գնացին, մի քանի կանայք բուժքրոջ հետ պատրաստվեցին ընդունել նոր կյանքը։

Եկա տուն ու սպասում էի, որ մաման գա, տեսնենք ո՞վ է ծնվել։ Մեկ էլ մայրս վազելով եկավ, դարակները բացեց ինչ որ բան էր փնտրում արագ – արագ, – մամ ծնվե՞ց․

-հա

-ո՞վ

-տղա

Ինչ լավ է, զոհված տղերքի տեղ նորերն են գալիս։ Մամ բա ի՞նչ ես փնտրում։ Երեխու համար պատրաստված պայուսակը տրակտորի մեջ էր, գնաց Ստեփանակերտ, հիմա երեխան ծնվել է հարմար բան չկա, տեսնենք սպիտակեղենից ինչ կստացվի։ Արցախում արդեն տարիներ ի վեր խանութ չկար, առևտուր չկար։ Մեկ էլ մայրս շրջվեց՝ քո գիշերանոցը շատ հարմար է, կտորը նուրբ է, իսկական նորածնի մաշկի համար։

-Բագունց Կարենին տղա էր ծնվել։ Կարեն, բա անունը ի՞նչ ես դնելու։

-Անդրանիկ եմ դնելու, Անդրանիկ փաշայի անունով, տղաս ցեղասպանության օրն է ծնվել, ուրիշ ի՞նչ անուն տամ։

Անդրանիկի մանկությունը ինչպես Արցախում գրեթե բոլոր երեխաների, շատ դժվար անցավ։ Պատերազմը նոր էր ավարտվել, կյանքը լի էր դժվարություններով։ Մեր գյուղի Անդրանիկը, ով իր քաղցրածոր ձայնով անմահ հերոս Գրիգորի Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի բոլոր միջոցառումներին Հարենիքի ջուր երգն էր երգում, ջրով լցնում բոլորի աչքերը, շատ հայրենասեր ու միաժամանակ շատ համեստ մի երիտասարդ էր։ Ժամկետային ծառայությունն անցել է Մատաղիսի զորամասում, բայց նրա զինվորական ծառայությունը երկու տարով չսահմանափակվեց։ Անդրանիկը որոշեց դառնալ զինվորական ու շարունակել ծառայությունը Հայրենիքին այս անգամ Ասկերանի զորամասում։

Օրինակելի ու նվիրված զինվորական էր։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նրա վերջին կռիվը Խնապատ – Խրամորթ տարածքում էր։ Սեպտեմբերի 19-ին սկսված ցեղասպան պատերազմը ծանր վիճակի մեջ էր դրել այդ գյուղերը, դեմից Ակնան էր, իսկ թիկունքին դեռ 2022 թվականի մարտի 24-ին ռուսների կողմից դավադրաբար հանձնված Քարագլուխ-Շիկաքարի բարձունքը, ինչը հատկապես Խրամորթի պաշտպանության հնարավորությունը հասցրել էր զրո-յի, բայց տղաները որոշել էին կռիվ տալ, մասսայական կոտորածից բնակիչներին փրկելու համար։

Այդ կռվում ընկավ Բագունց Կարենի որդի Անդրանիկը, Անդրանիկ Հարությունյանը։ Նրա հետ զոհվել էին դիրքի մյուս տղաները։  Անդրանիկը հանգչում է Արցախի հողում, որի համար կյանքը չի խնայել։ Ծնողները, կինը, երեքամյա դուստրը, որ Հայրենիքի զոհասեղանին են դրել ամենաթանկը, զրկվել են ամենաթանկերից, Հայրենիքից, որդու, ամուսնու ու հոր շիրիմից։

Արմինե Հայրապետյան

f