BBC-ն Բաքվում «նախագահական ընտրությունների» եւ առհասարակ տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ հեռարձակել է ռեպորտաժ իր Բաքվի թղթակից Մահերամ Զեյնալովի եւ միջազգային հարցերով թղթակից Գրիգոր Աթանեսյանի մասնակցությամբ։ Ինչպես տեսնում ենք, հայկական ազգանունով թղթակցի «ռանգը» ավելի բարձր է, ինչն էլ երեւի կոչված է արդարացնել նրա «կողքից» կամ «վերեւից» հայացքը քննարկվող խնդրին։
Մի կողմ թողնենք հայկական ազգանունով թղթակցի պրիմիտիվ ու տեղ-տեղ զավեշտալի մեկնաբանություններն ու եզրահանգումները, որոնք պատրաստված ընթերցողի մոտ կարող են հարցեր առաջացնել․ միջազգային հայտնի զլմ-ների խնդիրը դրանց որակը չէ, այլ հենց հայկական ազգանունները, ճիշտ ինչպես ռուսական քարոզչության պարագային։ Կան բաներ, որոնք պետք է ասեն հենց հայկական ազգանուններով մարդիկ՝ տեսեք, ձեր հայերն են ասում, Փաշինյանից սկսած՝ աթանեսյաններով վերջացրած, մեզնից ինչ եք ուզում։
BBC-ի վերոհիշյալ ռեպորտաժի մանրամասներին չենք անդրադառնում, ցանկացողները կարող են հետեւել հղումով։ Նշենք միայն, որ այն հայկական խնդիրների շուրջ ռուս-արեւմտյան համաձայնության քվիթեսենցիայի վառ դրսեւորում է։ Եվս մեկ հանգամանքի վրա արժե ուշադրություն դարձնել․ Զեյնալովը տեղ-տեղ իր խոսքում հիշատակում է հայկական իրավունքները, իսկ Աթանեսյանը եւ հաղորդման վարող Օլեգ Անտոնենկոն՝ տեղում խլացնում այդ հիշատակումները։