«1988 թվականի փետրվարի 12-ը դարձավ հայ ազգի «Զարթոնքի» օր. այս օրը Հադրութում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը՝ ազդարարելով Արցախի ազգային-ազատագրական շարժման ակտիվ փուլի սկիզբը։ Ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ազատագրման»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Հադրութի հանրահավաքի կազմակերպիչներից Գագիկ Ավանեսյանը։
Նա բնական է համարում, որ Շարժումը սկսվել է Հադրութից՝ ելնելով ոչ միայն Շարժման կազմակերպիչների, այլեւ շրջանի բնակչության մեծամասնության բարոյական ու ինտելեկտուալ որակներից։ Նրա խոսքով, 1988 թվականի փետրվարի 12-ի արդյունքը՝ 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստորագրված զինադադարի համաձայնագիրն էր։
«Բայց հետո, ցավոք, իշխանության եկան հափշտակողները՝ անձնական շահի համար օգտագործելով ժողովրդի վրա ճնշման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ ուրիշների ծառայությունների յուրացումն ու պատերազմի շանտաժը։ Նման կառավարման արդյունքը եղավ Արցախի ժողովրդի տեղահանությունը»։
«Մենք կվերադառնանք Արցախ, եթե սկսենք ճիշտ քաղաքականություն վարել՝ վերացնելով ռուսական գործոնը բոլոր ձևաչափերից և հարթակներից։ Մի խոսքով, հայ ազգին պետք է «Զարթոնք», ինչպես 1988-ի փետրվարին»,- նշեց նա։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: