Նախ, անվտանգության մեխանիզմների ապահովում է պետք, այսինքն ՝ միջազգային խաղաղապահ առաքելություն․ պատգամավոր

  • 22:10 12.02.2024

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները քննարկումներ են անցկացնում Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների հետ։ Այս մասին step1.am-ի հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանի ԱԺ պատգամավորները նախաձեռնություն ցուցաբերո՞ւմ են՝ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ կարեւոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու հարցում։

– Այո, քննարկումներ կան։

-Առաջիկայում որեւէ նախաձեռնությամբն հանդես գալո՞ւ եք։ Փակագծեր կարո՞ղ եք բացել։

-Այո, նախաձեռնություն լինելու է, բայց ցավոք սրտի փակագծեր չեմ կարող բացել։

-Արցախի ժողովրդի վերադարձի համար ի՞նչ պայմաններ պետք է ստեղծվեն։

-Արցախի ժողովուրդը ժամանակավոր բռնի տեղահանվել է իր հայրենիքից, էթնիկ զտում է տեղի ունեցել, Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես բռնակցվել է Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ Արցախի ժողովուրդը կորցրել է իր իրավունքը։ Հետեւաբար, իրենք պետք է առնվազն վերականգնեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Եվ դրա համար մի քանի նախապայման է պետք։ Նախ, անվտանգության մեխանիզմների ապահովում, այսինքն ՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, ապահով ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Արցախի Հանրապետության միջեւ, միջանկյալ կարգավիճակ, որն ինքնակառավարման հնարավորություն է ընձեռնում եւ վերադարձ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։ Վերջիվերջո չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդամենը հրադադարի փաստաթուղթ է, որը որեւէ առնչություն չունի քաղաքական կարգավորման հետ։ Այսինքն՝ քաղաքական կարգավորման հարցը բաց է՝ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է դա, թե չի ուզում։ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը կախված չէ ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի կապրիզից։ Արցախի ժողովուրդը պահում է իր իրավունքը։

-Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք այս հարցերի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալ ՀՀ խորհրդարանում։

-Դա ձեր նախորդ հարցի հետ ուղղակիորեն կապակցված հարց է, որին դրական պատասխան եմ տվել։