Ներքին հանդի գյուղապետ․ «Մարդիկ շարունակում են մնալ գյուղում եւ մնալու են»

  • 10:44 13.02.2024

Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղում իրավիճակը լարված է, բայց դիրքերում կրակոցները դադարել են։ Այս մասի step1.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղադասարյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղում մանրամասներին տեղյալ չեն, թե ինչ է տեղի ունեցել։ «Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել, բայց կարող եմ ասել, որ այս պահին հանգիստ է»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք համարժեք պատասխան չպե՞տք է տալ թշնամուն, որ նման սադրանքների չդիմի, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք չգտենք՝ միգուցե ճիշտը սա է կամ միգուցե ճիշտը այն է, որ պետք է համարժեք պատասխան տալ, բայց մենք չենք կարող ասել՝ համարժեք պատասխանը որն է»։

Ներքին Հանդի վարչական ղեկավարն ասաց, որ գյուղում իրավիճակը լարված է, մարդիկ շարունակական կրակոցների տակ են ապրում։ Բայց չնայած սրան, գյուղից արտագաղթ չկա։ «Ով կա գյուղում, մնացել է, արտագաղթ չկա, մարդիկ շարունակում են մնալ գյուղում եւ մնալու են»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Հայկական կողմի այս հաղորդագրությունից հետո թշնամին սադրանքի դիմեց, ինչի հետեւանքով ունենք զոհեր ու վիրավորներ։