Հայկական կողմը հերքում է Բաքվի պնդումը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ին և 23:40-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները «Թովուզգալինի շրջանի Չինարլի» (Տավուշի մարզի Չինարի գյուղ) բնակավայրի դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Բաքուն նույնաբովանդակ հայտարարություն է տարածել Ներքին հանդի վերաբերյալ։ Այսօր առավոտյան Բաքուն “պատժիչ գործողություն” է իրականացրել, սպանելով 4 հայ զինվորի։
Պաշտպանության նախարարությունը չէր հերքել Ներքին հանդում հայ զինվորի “կրակոցը”, վախվխած խոստանալով պատժել կրակողին։ Բայց դա չի օգնել՝ Բաքուն արել է իր գործը եւ սպանել 4 մարդու։
«Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտեմք՝ իրենք զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»: Դա ՔՊ-ական պատգամավոր, “դաշտային” գեներալ Գագիկ Մելքոնյանի խոսքերն են։
Փաստորեն, մերոնք պատրաստ չէին։ Իսկ Տավուշում վաղվա սադրանքին պատրա՞ստ են։ Հնդկական, ռուսական, ֆրանսիական զենքերը կօգտագործվե՞ն , թե՞ դրանք դեկորացիա են։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: