Եվրոպական հանձնաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:
Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները:
Մարդասիրական գործընկերների միջոցով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի, ապաստարանի, առողջապահական խնամքի և հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը և պաշտպանությունը։
Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին ԼՂ հայերի լայնածավալ արտագաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։