Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր։
Ըստ Բորելի՝ Ադրբեջանը անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։
«Սա կրկին փաստում է ուժերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը տևական ժամանակ խրախուսում է Եվրամիությունը։ Հարկ եմ համարում վերահաստատել Եվրամիության լիակատար հանձնառությունն աջակցելու տևական և կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության ճանաչման և տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների վրա։ Եվրամիության առաքելությունը Հայաստանում վերջերս համալրվել է՝ անձնակազմի թվաքանակն է ավելացել, այն շարունակելու է նպաստել հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակող միջավայրի ձևավորմանը»,- հայտարարել է Բորելը։
Հիշեցնենք, որ հայտնելով փետրվարի 12-ին Հայաստանի կողմից իբր կրակոցի մասին, Բաքուն հատուկ ընդգծել է, որ դա տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության վերահսկողության գոտում, եւ դա հարցեր է առաջացնում առաքելության խնդիրների վերաբերյալ։
Մյուս կողմից, հայկական կողմը չի հերքել, բայց չի էլ հաստատել կրակոցի փաստը։ Սակայն Բորելի հաստատակամ պնդումը, որ կրակոց եղել է, ենթադրում է, որ նման տեղեկություն նա ստացել է ԵՄ դիտորդներից։ Թե՞ այդ հաստատակամությունը միտված էր փարատել Բաքվի “անհանգստությունը”։