«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները». Պետդեպ

  • 09:25 14.02.2024

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների մասին հաղորդումով, որ հանգեցրել է զոհերի։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», – ասել է Միլլերն՝ ընդգծելով, որ կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։

«Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- եզրափակել է Միլլերը։

Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Մեկ ամիս առաջ ԱՄՆ դեսպանատունը 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ագրեսիայից հետո առաջին անգամ նախազգուշացում է արել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր աշխատակիցներին՝ կոչ անելով չայցելել Հայաստանի մի շարք մարզեր։

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր. Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», – ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը գրեթե բացահայտ զգուշացնում էր, որ մոտ ապագայում Հայաստանի որոշ ճանապարհներ առանց նախազգուշացման կարող են արգելափակվել որոշակի ուժերի կողմից, ինչպես դա եղավ 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհին և 2023 թվականի ապրիլին՝ Հակարի գետի՝ Կոռնիձորի և Տեղի մոտակայքում։