ՀԱՊԿ շտաբի պետը Թուրքիայի՞ն է մեղադրել Հարավային Կովկասում հակամարտության սրման մեջ

  • 15:21 14.02.2024

ՀԱՊԿ-ը համարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման հավանականությունը մեծ է, և իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Առանձին պետությունների կողմից Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր են արձանագրվում։ Դրա համար, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ հավանականությունը։ Իրավիճակի հետագա կարգավորման գործում կարևոր է մնալու հաշտության համաձայնագրի կնքումը», – Սերդյուկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Սերդյուկովը նկատի ունի՞ Թուրքիային, որի նախագահը բացահայտ խոսում է Մեղրիի «միջանցքի» մասին՝ որպես Կենտրոնական Ասիա և Կասպից ծով տանող երթուղու։ Ռուսաստանն ու Թուրքիան միասին աշխատում են դրա վրա, և դրա համար Մոսկվան հետևողականորեն փորձում է ներգրավել ՀԱՊԿ-ին։

Սերդյուկովը մեղադրել է Արևմուտքին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձի մեջ՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ Դատելով նրանից, որ Բաքուն եվրոպացի դիտորդներին է մեղադրել Ներքին Հանդում սադրանքի մեջ, իսկ Հայաստանը պատասխան գործողությունների չի դիմել, արդեն պայմանավորվածություն կա Հայաստանի սահմանին ՀԱՊԿ զորքեր տեղակայելու վերաբերյալ։ Բայց դրա համար անհրաժեշտ են նոր սադրանքներ և հայերի սպանություններ։