Վառելիքի պահեստի պայթյունի ականատեսն է պատմում

  • 18:18 14.02.2024

«Դրանք սարսափ ֆիլմի տեսարաններ էին։ Կիսամերկ, այրված մարդիկ լացելով ու բղավելով փորձում էին դուրս պրծնել կրակի ճիրաններից։ Այդ ամենը մի քանի րոպեի ընթացքում տեղի ունեցավ։ Սկզբում լսեցի պայթյունը, հետո աչքերս բացեցի և զգացի, որ ալիքն ինձ մի քանի մետր հեռու է շպրտել։ Ուշքի գալուց հետո զգացի, որ այրվում եմ։ Փորձեցի պառկել հողին և հանգցնել»,-պատմում է հրաշքի միջոցով կրակից փրկված 35-ամյա Արամ Սաֆարյանը։

Արամը Զինված Ուժերի ծառայող էր։ Բենզինի հետևից Հայկազով գնալու օրն ընդմիշտ դաջվել է նրա հիշողության մեջ։ Այնտեղ հասնելու համար լրիվ անծանոթ մի մարդու մեքենա է նստել, որն էլ այդ օրը իր աչքի առջև վառվել է․․․Ինքն էլ ստացել է ձեռքերի և ոտքերի երկրորդ աստիճանի այրվածքներ։ Ոտքի կանգնելուց անմիջապես հետո զանգել է եղբորը ու տեղեկացրել, որ ողջ է։ Մի կերպ վազել է անցնող մեքենայի հետևից և խնդրել, որ իրեն էլ տեղափոխեն հիվանդանոց։ Հիվանդասենյակներում պառկելու տեղ չկար, ստիպված սպասել է, որ առաջին հերթին ավելի ծանր այրվածքներ ստացածներին խնամեն։ Դեղամիջոցներ չկային, ոտքի ցավը թույլ չէր տալիս գիշերը քնել։ 2 օր հետո ուղղաթիռով տեղափոխվում է Երևան և ամսից ավելի բուժում ստանում։ Ձեռքերին և ոտքերին սպիներ են մնացել՝ որպես հուշ արցախյան կյանքի վերջին տառապանքներից։

Չնայած իր վիճակին՝ Արամն ամենաշատն անհանգստանում էր 4-ամյա որդու և հղի կնոջ ՝ Կարինե Սաֆարյանի համար։ Մտածում էր, թե առանց իրեն ոնց են դուրս գալու Ստեփանակերտից։ Շրջափակման ընթացքում սննդի դեֆիցիտի պատճառով Կարինեն հղիությունը պահպանելու համար մի անգամ արդեն պառկել էր հիվանդանոցում։ Դեռ շրջափակման օրերին Արամը շատ էր մտածում տունը վաճառելու, ընտանիքի հետ Երևան տեղափոխվելու մասին։ Միակ խանգարող հանգամանքն այն էր, որ իր զենքը գողացել էին ու հետաքննությունը դեռ շարունակվում էր։ Անիմաստ ձգձգվող հանգամանքները լրիվ փոխեցին կյանքի ընթացքը։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Իջևանում տուն վարձեցին և պատրաստվեցին երկրորդ որդու ծննդյանը։ Ներկայումս Արամն իր օրվա ապրուստը վաստակում է տաքսու վարորդ աշխատելով։ Երբեմն ուղևորների հետ կատակում է, որ ապրում է «հերոսի» տան մոտ, որի արձանի գլուխն արդեն երկու անգամ պոկել են։

Տաթև Ազիզյան

f