Մենք այս պահի դրությամբ միայն պետական բյուջեից 34 մլրդ դրամ ենք տրամադրել եւ ծախսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ քննարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը, եկանք մի կարեւոր եզրակացության, որ մենք պետք է իրենց համար նույն պայմաններն ապահովենք, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Սա շատ կարեւոր է նաեւ լարվածություններ չառաջացնելու տեսակետից:
Սա նշանակում է, որ երբ մենք ասում ենք, որ բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է լինի ամուսնության վկայական եւ ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի, այդ պայմանը տարածվելու է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածների վրա: Այս ծրագիրը հենց այսօր էլ նրանց համար գործում է:
Այլ բան, որ մենք կտեսնենք, թե ինչ աջակցության ծրագրեր կարող ենք նախատեսել, որպեսզի հողակտորների ձեռքբերման հարցում աջակցություն լինի, բայց քաղաքացիության հանգամանքը պարտադիր է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ կառավարությունը որոշեց այս ծրագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն ենթադրում է, որ եթե անձը սահմանամերձ գյուղում ցանկանում է տուն կռուցել եւ հիփոթեքային վարկ է վերցնում, ապա կառավարությունը 16 մլն դրամի վարկի չափով վճարում է եւ մայր գումարը, եւ տոկոսները:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: