Ստեփանյան․ “Ռուսական զորակազմն առաջինը պետք է փաստագրեր, որ մարդիկ հեռացել են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո”

  • 14:32 15.02.2024

Այսօր հրավիրած ասուլիսում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությանը, թե «Մոսկվան և Բաքուն քննարկում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի հեռանկարները»։ Ավելի վաղ ռուսական կողմը նաեւ հայտարարել էր, որ արցախցիներն ինքնակամ են հեռացել Արցախից։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ է քննարկվում ռուսական կողմի հետ, նաեւ տեղեկություն չունի այն հարցի մասին՝ Արցախի իշխանությունները ներգրավված են ռուսական մասնակցությամբ որեւէ բանակցության, թե՞ ոչ։

«Ռուսական կողմի հայտարարություններին ես իմ բացասական վերաբերմունքը պետք է հայտնեմ նախ եւ առաջ նրա համար, որ այդ հայտարարության մեջ ես մանիպուլյացիա եմ տեսել այն տեսանկյունից, որ նշվել է, որ Արցախի ժողովուրդը հեռացել է ինքնակամ։ Ռուսական խաղաղապահ զորակազմը գտնվել է տեղում եւ ռուսական խաղաղապահ զորակազմն առաջինը պետք է փաստագրեր, որ մարդիկ հեռացել են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո՝ 24 ժամ տեւած ռազմական գործողություններից հետո։ Եվ ես պետք է ասեմ, որ մեր ակնկալիքը նաեւ այն էր, որ առաջինը ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է գնահատական տար այդ էթնիկ զտումներին, եւ ոչ թե դա որակվեր որպես ինքնակամ հեռացում»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արցախցիները ռուսական երաշխավորությամբ կվերադառնա՞ն Արցախ, Գեղամ Ստեփանյանը պտասխանեց․ «Իմ կարծիքն այնպիսին է, որ միջազգային երաշխիքներ են պետք։ Այսինքն՝ 2020 թվականից հետո Արցախում ներդրված ռուսական խաղաղապահ զորակազմի միայն այդ երաշխիքը, ինչպես ցույց տվեց պատմությունը, բավարար չէ Արցախում անվտանգությունն ապահովելու համար։ Շատ ավելի ցանկալի եւ շատ ավելի բարձր երաշխիք կարող է ապահովվել, եթե խաղաղապահությունը կամ միջազգային երախիքները ձեւավորվեն միջազգային հարթակում»։

Նա որպես օրինակ բերեց ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային երաշխիքները՝ նշելով, որ միայն որեւէ առանձին երկրի երաշխավորությամբ վերադարձը նպատակահարմար չի կարող համարվել։

f