Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ՔՕ «Պետական դավաճանության» մասին հոդվածի դիսպոզիցիայով անցել է թշնամու կողմը

  • 16:44 15.02.2024

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։

-Դուք բարձրաձայնել եք հարցը, որ պաշտոնական Երեւանի եւ Բաքվի միջեւ կա օպերատիվ կապ, որի միջոցով տեղի են ունենում պաշտոնական առաջարկների փոխանցումները, գերիների եւ այլ հարցերով տեղեկատվության փոխանակումները, ականապատ դաշտերի քարտեզների հանձնումը։ Արձանագրել եք, որ արդեն իսկ բավարար փաստեր կան՝ պնդելու, որ օպերատիվ կապի միջոցով տեղի են ունենում պաշտոնական Բաքվի ուղղակի ցուցումների փոխանցումները Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը, որոնք վերջինները լուռ կատարում են։ Այդ օրինակները շատ են՝ Հայաստանում Սահմանադրության փոփոխության մասին հայտարարությունները, ՀՀ ԱԳՆ կայքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկատվության հեռացումը եւ այլն։ Ի՞նչ մեխանիզմ է գործում։

-Այն, ինչ անում է գործող վարչախումբը, բոլոր ողջամիտ քաղաքացիների համար պարզ է, որ դրանք ՀՀ պետական շահերի դեմ քայլեր են եւ ոտնահարում են մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ այլն։ Այստեղ խնդիր կա իրավական տեսանկյունից հասկանալու՝ այդ մարդիկ ինչո՞վ են զբաղված։ Այն փաստերը, որոնք երեւան են գալիս, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ կայքից վերոնշյալ տեղեկատվությունը հեռացնելը, պետք է իրավական գնահատականի արժանան։ Պարզ է, որ այդ ամենը կոնկրետ ցուցումով է կատարվում։ Խնդիրն այն է, թե այդ ցուցումն ո՞վ է տալիս։ Բնականաբար, բարձրագույն ղեկավարությունն է այդ ամենի հետեւում կանգնած։ Վաղուց կան բազում օրինակներ, երբ Ադրբեջանը մի բան է հայտարարում, հետո Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը դա իրագործում է։ Ես բերեցի ԱԳՆ կայքից Արցախի մասին բաժինը հեռացնելու օրինակը, դուք էլ բերեցիք Սահմանդրության փոփոխության օրինակը։ Բազմաթիվ այլ օրինակներ էլ կան։

Ակնհայտ է, որ կա փոխկապակցվածություն՝ մի կողմից Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության՝ Հայաստանին ուղղված պահանջների, մյուս կողմից Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից դրանք կատարելու միջեւ։ Մի քանի տարի է՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ գոյություն ունի օպերատիվ կապ։ Դա Ազգային անվտանգության ծառայության միջոցով է իրականացվում։ Եվ մեզ հրամցրել են, որ այդ օպերատիվ կապը տեղեկատվության փոխանակման, քարտեզների փոխանցման հարցերի համար է։ Գիտենք, որ Հայաստանը միակողմանի եւ իր պետական շահը ոտնահարելով՝ Բաքվին է հանձնում ականապատ տարածքների որոշ քարտեզներ։ Երբ հասկանում ենք, որ գործնականում այդ կապը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ տեխնիկական միջոցներ են, պարզ է դառնում, որ այդ օպերատիվ կապի միջոցով տեղի է ունենում իմ ասածը։ Նկատի ունեմ՝ ցուցումներ Ադրբեջանի կողմից, որոնք Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կատարում է։ Այդ ցուցումները Հայաստանի պետական շահերի դեմ են ուղղված եւ ոտնահարում են մեր իրավունքներն ու օրենսդրությունը, Սահմանադրությունը։ Հետեւաբար, դա պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա։ Այդ ցուցումները գալիս են թշնամի պետության կողմից։

Ասում են՝ մենք գնում ենք դեպի «խաղաղության պայմանագիր», բայց ակնհայտ է՝ քանի դեռ խաղաղություն չկա, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն էլ ընդունում է, որ այն ռազմական գործողությունները, որոնք եղել են, թշնամական պետության կողմից են եղել։ Եվ մեծ հաշվով հիմա իրենք իրականացնում են թշնամու պարտադրանքները։ Մենք չունենք որեւէ դիվանագիտական հարաբերություն տվյալ երկրի հետ, տասնամյակներ շարունակ այդ երկրի հետ գտնվել ենք պատերազմական իրավիճակի մեջ, եւ ներկայում էլ չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որը կապացուցի, որ այդ երկիրը թշնամի չէ։ Եվ այդ տեսանկյունից այն ցուցումները, որոնք կան թշնամու կողմից եւ որոնք կատարվում են Հայաստանի ղեկավարության կողմից, փաստում են, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Քրեական օրենսգրքում եղած «Պետական դավաճանության» մասին հոդվածի դիսպոզիցիայով անցել է թշնամու կողմը։ Թշնամու ցուցումներն է կատարում, թշնամու շահերն է սպասարում։

Հայաստանի դատախազությունն այս տեսանկյունից անելիք ունի։ Բնականաբար, դատախազությունը, գտնվելով քաղաքական իշխանության վերահսկողության տակ, հիմա ոչինչ չի կարող անել։ Բայց այն խոսույթը, որը հիմա եմ ես զարգացնում, եթե դրա շրջանակում դեպքը չապացուցվի, մեծ հաշվով պարզ կդառնա, որ դատախազությունը նույն այդ իշխանության հետ մեկ ամբողջության մեջ է գտնվում եւ կատարում է նրա ցուցումները։ Հանրության մեջ կա նաեւ այնպիսի պահանջ, որ Հայաստանի ինստիտուտներն իրենց գործով չեն զբաղվում, օգտվում են այն իրավիճակից, որ բարձրաձայումներ չկան, ջայլամային վարք են դրսեւորում, որ իբր թե իրենց շուրջը ոչինչ էլ չի կատարվում։ Բայց իմ նշած փաստը հենց այն մասին է, որ այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները չկան։ Սա լրիվ բավարար է, որ իրենք հիմա էլ զբաղվեն եւ գոնե հերքմամբ հանդես գան, մենք էլ իմանանք՝ դատախազությունն ինչով է զբաղվում՝ արդյոք հասկանո՞ւմ է, որ այն, ինչ կատարվում է, կոնկրետ պետական շահերի դեմ ուղղված քայլեր են։

-Այսինքն՝ նաեւ հասարակությո՞ւնը պետք է այս հարցերը բարձրաձայնի, օրակարգ բերի։

-Այո, իհարկե։ Եթե երբեւէ դատախազությանը հարց տրվի, եւ իրենք ասեն՝ մենք հաղորդում չենք ստացել, նման փաստերի մասին տեղյակ չենք, իմ այս գրառումը նաեւ այդ խնդիրն է լուծում, որ այդ ինստիտուտն ընդհանրապես խուսանավելու տեղ չունենա։ Մի կողմից կա փաստ, որը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության  հայտարարություններն են, մյուս կողմից կա Հայաստանի ղեկավարության կամակատարությունը։ Եվ այդ տեսանկյունից առաջ է գալիս հետեւյալ հարցը՝ արդյոք այդ օպերատիվ կապն ընդամենն օպերատիվ կապ է, որտեղ ընդամենը տեղեկատվության կամ փաստաթղթերի փոխանակում է տեղի ունենում, թե՞ այդ «օպերատիվ կապ» ասածի տակ մենք իրականում գործ ունենք թշնամի պետության կողմից որոշակի ցանցի միջոցով իր հանձնարարությունների փոխանցում, եւ մյուս կողմից դրանց իրագործում։

Սա նորություն չէ, որ Հայաստանի իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը։ Հայաստանի շահն սպասարկելն այն է, որ Հայաստանի օրեսնդրությամբ, Անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ դրված են դրույթներ, բանաձեւեր, որոշումներ, որոնք պետք է կատարվեն։ Օրինակ՝ 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած որոշման մեջ նշվում է՝ «Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այդ ամենը չի արվել, հակառակը, ամբողջությամբ ոտնահարվել են ՀՀ օրենքները։ Հիմա դա Հայաստանի պետական շահերի՞ց է բխում, թե՞ ոչ։ Բնականաբար, այս մարդիկ վաղուց ոտնահարել ու ոտնահարում են Հայաստանի պետական շահը։

Ես ուրախ կլինեի, որ ԶԼՄ-ները հարցում ուղարկեին դատախազությանը՝ կա՞ որոշում, որով Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական որեւէ փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում, դատախազությունն ի՞նչ գնահատական է տալիս իշխանության գործողություններին, իրենք խախտե՞լ են ՀՀ Սահմանադրությունը, օրենքներն ու որոշումները, թե՞ ոչ։ Այս բարձրաձայնումներն ամենակարեւոր հիմքերն են, որոնք, այդ թվում, վերաբերում են հետագայում նույն այդ մարդկանց պատասխանատվության կանչելուն։ Բարձրագույն ղեկավարությունն այս ամենն այսօր անում է, պետական շահերը ոտնահարում է, թշնամի պետության հետ մտնում է գործարքի մեջ՝ օգտվելով Հայաստանի պետական ինստիտուտների անգործությունից։

 

f