Արցախի բնակչուհի Նոննա Մինասյանը մանկությունից ի վեր ճաշակել է պատերազմի և դրա հետևանքների դառնությունը: 7 տարեկան էր, երբ 1994 թ. զոհվեց հայրը: Երեք աղջիկներին խնամում էին մայրն ու տատիկը: Որդու կորստի կսկիծը տատիկի վաղաժամ մահվան պատճառ հանդիսացավ:
Միայնակ մոր ուսերին էր դրված երեք երեխաների ապրուստի հարցը: Նոննան 16 տարեկանից աշխատում էր` միաժամանակ մասնագիտանում տարբեր ուղղություններով` երաժշտություն, հագուստի մոդելավորում, լուսանկարչություն:
Շուշիի Նարեկացի Արվեստի Միությունում աշխատելու տարիներին էլ ծանոթացավ ապագա ամուսնու` Դավիթի հետ: «Դժբախտ ու դժգույն» Շուշին, ամուսինների խոսքով, սիրվել էր իր հին շինությունների, զարմանալի ձգողականության շնորհիվ:
«Շուշին մեզ համար հեքիաթային, խաղաղ վայր էր: Ամենաշատը գրավում էր շուշեցիների բարությունը…»,-ասում է Նոննան:
2017 թ. ամուսնանալուց հետո որոշեցին բնակություն հաստատել Շուշիում: 2019 թ. ձեռք բերեցին երկար սպասված բնակարանը, որի ամեն մի անկյունը լիքն էր հիշողություններով և ջերմությամբ:
«Մեր տունը լցված էր ծիծաղով, ուրախությամբ, տարբեր ճաշատեսակների անուշահոտությամբ, ընտանեկան խոսակցությունների ձայներով: Հաճախակի էինք ընկերական հավաքույթներ կազմակերպում, իսկ ամռան ամիսներին նստում էինք բաց պատշգամբում և վայելում բնության գեղեցկությունը»,-պատմում է Դավիթը:
Երջանկությունը երկար չտևեց: Հանկարծակի սկսված պատերազմը զրկեց նրանց հարմարավետ անկյուն ունենալու հնարավորությունից: Նոննան հասցրեց վերցնել միայն լուսանկարչական ապարատը և փաստաթղթերը, իսկ Դավիթը մնաց ու կռվեց Շուշիի համար: Դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ թշնամին մտավ Շուշի: Դավիթի համար ևս դա առաջին պատերազմը չէր: 1992թ. զոհվել էր հայրը:
44-օրյա պատերազմից հետո նրանք վերադարձան Արցախ` Ստեփանակերտ: Առողջական խնդիրների պատճառով և աշխատանք ունենալու նպատակով որոշեցին մեկնել Գերմանիա: Դրա համար անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն: Ինչն էլ հիմա որպես պատրվակ է ծառայում հասանելիք աջակցությունները չստանալու համար:
Համապատասխան մարմիններին ուղղված դիմում-բողոքները մնացել են առանց ուշադրության: «Ո՞վ է մշակել տվյալ ընթացակարգը: Ինչո՞ւ է այդ ամենը վստահվել համակարգչին: Եթե մենք միշտ ապրել ենք Արցախում և մի քանի անգամ կորցրել ենք մեր ունեցվածքը, ինչո՞ւ այդպիսի դեպքերի համար չկան համապատասխան որոշումներ ու լուծումներ», -ասում է Նոննան:
Գերմանիայից վերադառնալուց հետո ապրել են Ստեփանակերտում`հյուրանոցի մի սենյակում, որը հատկացված էր տեղահանվածների համար:
2023 թ. սեպտեմբերի 19-ին նախորդել էին շրջափակման երկար ամիսները, որոնց ընթացքում մի կերպ գտնված ալյուրով վերջին հացն էին թխում: Նրանք արդեն իմունիտետ ունեին պատերազմի դեմ, որը երբեմն ընդհատվում էր խաղաղությամբ: Գաղթի ճանապարհը տևեց 4 օր: Ներկայումս բնակարան են վարձել Երևանում, երկուսով աշխատում են և հույս ունեն, որ իրենց, ինչպես նաև նույն իրավիճակում գտնվող մարդկանց դիմումները կվերանայվեն:
Տաթև Ազիզյան
Ֆոտո Նոննա Մինասյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: