Երեկ հրավիրած ասուլիսում Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասաց, որ արցախիցների վերադարձի համար պետք է միջազգային երաշխիքներ լինեն։ Իսկ բարձրագույն միջազգային երաշխիքը, նրա խոսքով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսով տրված երաշխիքն է։
Հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է միջազգային գլխավոր մարմինը, որը պետք է երաշխավորի ցեղասպանությունների կանխարգելումը, ժողովուրդների պաշտպանությունը ու միջազգային խաղաղությունը։
«Դա նաեւ նշանակում է ՄԱԿ-ի քաղաքական ու հումանիտար մասնակցություն Արցախում, նաեւ նշանակում է ադրբեջանական վերահսկողության իսպառ բացառում, քանի որ ադրբեջանական՝ թե ռազմական, թե վարչական վերահսկողությունն Արցախում կարող է հանգեցնել նոր ցեղասպանության կամ մարդու իրավունքների լայնածավալ այլ խախտումների»,- ասաց նա։
Բեգլարյանը նաեւ կարեւորեց Հայաստան-Արցախ երաշխավորված ցամաքային կապի առկայությունը, որը դարձյալ պետք է վերահսկվի միջազգային ուժերի կողմից։
Ըստ Արտակ Բեգլարյանի՝ իլյուզիա է պատկերացնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մեկ փաստաթղթով, որը չի հասցեագրում Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ հավաքական իրավունքները եւ չի վերացնում ատելության համակարգը, երբեւէ կայուն խաղաղություն կհաստատվի։
Իսկ դրա ապահովման համար միջազգային կոշտ միջամտություն է անհրաժեշտ։ «Ադրբեջանի նպատակն ամբողջը ստանալն է։ Ոչ թե բավարարվել միայն Արցախով, այլ նաեւ գուցե Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ ոչնչացնել՝ որպես քաղաքական ինքնուրույն սուբյեկտ»,- հավելեց նա։