Արցախի “ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ” ՀԿ-ի կոչը․ մենք կդիմանանք եւ կվերադառնանք

  • 14:22 16.02.2024
Օրերս արցախի”Ավագների խորհուրդ” ՀԿ-ն կոչով դիմել է արցախցիներին։
“Տարբեր լուրեր են տարածվում սադրիչների կողմից, իբր թե Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը ցուցակագրում են այն մարդկանց, որոնք ուզում են վերադառնալ Արցախ։ Խնդրում ենք, մի հավատացեք։ Վերադարձը յուրաքանչյուր արցախցու նվիրական երազանքն է, բայց այն պետք է լինի արժանապատիվ և անվտանգ։Մենք չենք կարող վերադառնալ այնտեղ, որտեղ թուրքն է, չենք կարող մի անգամ ևս ցեղասպանվելու վտանգի մեջ հայտնվել։ Ինչքան էլ ՀՀ իշխանությունները և թուրքը գոռան, թե Արցախ այլևս չկա, Արցախի հարցը մեռած է, այնքան մենք պետք է ապացուցենք և հակադարձենք` ոչ, ,,պարոնայք” թուրքեր և թրքամետ իշխանություններ։ Քանի արցախցին կա, Արցախը ևս կա և մենք երբեք չենք հաշտվի Արցախի կորուստի հետ”․ ասված է հայտարարության մեջ։
Աշխարհի միջազգային կազմակերպություններում աշխատում են մեր հարցի լուծման ուղղությամբ, և մենք կվերադառնանք մեր երկիր այն ժամանակ, երբ ունենանք կարգավիճակ, երբ մեր անվտանգությունը երաշխավորված կլինի և երբ թուրքը իր փասա փուսան հավաքած կլինի մեր սուրբ հողից, ասված է կոչում։
“Հակառակ դեպքում ոչ մի վախկոտ իշխանություն մեզ հետ չի կարող պահել ոտքի կանգնել, համախմբվել նվիրյալ, ազգանվեր մեր ժողովրդի հետ և ուժով հետ բերել խաբեությամբ ու դավաճանությամբ մեզնից խլվածը։ Գեղ կանգնի, գերան կկոտրի։ ՀՀ իշխանությունները այդ շատ լավ գիտեն, դրա համար ամեն մի կեղտոտ ճանապարհով փորձում են պառակտել ազգին, ճեղքել նրա միասնական երազանքը` արցախցուն խեղճացնելով սոցիալական տարբեր ճնշումներով ու քաշքշուկներով։ Ստիպել նրան թողնել Հայաստանը և գաղթականի ու բոմժի ցուպը վերցնել իր ձեռքը, թափառել երկրե երկիր, անհող, աներկիր, անշիրիմ, դառնալ գնչուական թափառախմբեր”, ասված է կոչում։
“Արցախցին այդպիսին չի եղել և չի լինի։ Տաս ամիս սովին դիմացողը կդիմանա ֆինանսական կարիքին ևս, կմիավորվի այն նվիրյալների հետ, որոնց համար հողն ու հայրենին է ապրելու իմաստը, և կազատագրի Արցախը։ Այդ ժամանակ միայն մենք իրավունք կունենանք վերադառնալ գլուխներս բարձր և Այուն ու Ապուն ասել.
– Մունք եկալընք, վեր ծեզ պահինք, վեր մեր վեղն ու նահատակներին պահինք։ Եկալընք, վեր էլ քինանք վեչ։
Ավագների կոչը` ուղղված ձեզ, սա է.
– չհավատալ ոչ մի սադրիչի և թուրքի ջրաղացին ջուր չլցնել։ Նա շատ ուրախ կլինի մեզ ընդունել սիրով ու աշխարհին ցույց տալ, թե ինչքան մարդասեր է ինքը և ազատվել միջազգային պատժամիջոցներից։ Նրա տեղը հիմա շատ նեղ է և մենք կօգնենք այն ավելի նեղացնելու և օղապարան սարքելու նրա վզի համար։ Միայն դիմացեք մի քիչ”։