Այսպես ստացվեց իմ առաջին ծանոթությունը Արցախի հետ․ Փոլ Մելլոր

  • 16:45 16.02.2024

Փոլ Մելորը հայտնի լուսանկարիչ և բարերար է: Լուսանկարչությամբ նա սկսել է հետաքրքրվել բավականին վաղ տարիքից։ Step1.am-ի հետ զրույցում նա ներկայացնում է արցախյան իրադարձությունները դրսի աչքով։

«Առաջին աշխատանքս մամուլի գործակալությունում էր, որտեղ շատ բան իմացա տարբեր ժանրերի լուսանկարչության, այդ թվում՝ մութ սենյակում մշակման և տպագրության մասին: Յոթ տարի անց ես հեռացա և սկսեցի իմ սեփական բիզնեսը՝ աշխատելով գովազդի, հանրային կապերի և կորպորատիվ միջոցառումների ոլորտում: Ստեղծեցի նաև պրոֆեսիոնալ տեխնոլոգիական և տպագրական լաբորատորիա։ Բիզնեսը ծաղկում էր, և իմ հաճախորդները ներառում էին բազմաթիվ խոշոր ընկերություններ, ինչպես նաև մի քանի խոշոր բարեգործական կազմակերպություններ:

Ես նախ վարձեցի ստուդիա Լոնդոնի կենտրոնում մեկ այլ լուսանկարչի հետ, իսկ հետո տեղափոխվեցի իմ սեփական տարածք: Թվային հեղափոխությունը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, բայց իմ սերը “սովորական” ֆոտոյի հանդեպ շարունակվեց մինչև 2000-ական թվականները՝ թվային սարքավորումների զարգացման հետ մեկտեղ: Ես փակեցի իմ հիմնական բիզնեսը 2010 թվականին, բայց շարունակեցի աշխատել բարեգործական ոլորտում մինչև թոշակի անցնելը՝ 2019 թվականին:

Կինս՝ Քեթին ինձ հրավիրում էր գնալ Արցախ՝ կարիքները գնահատելու և Ստեփանակերտի ծննդատանը նորածնային բաժանմունքի բացումը կազմակերպելու համար։ Երկար տարիներ նա իր կարիերան նվիրել է խնդիրներ ունեցող նորածին երեխաների բուժմանը։ Ահա այսպես եղավ իմ առաջին ծանոթությունը Արցախի հետ։

Իմ առաջին այցը տեղի ունեցավ 2001 թվականի հունվարին։ Սկզբում ես աջակցել էի կնոջս աշխատանքին` լուսանկարվելով հիվանդանոցներում և համայնքներում, որպեսզի օգտագործեի այդ լուսանկարները միջոցներ հավաքելու համար: Հենց այդ ժամանակ ես լսեցի Վերականգնողական կենտրոնի մասին, բայց այցելեցի այն միայն իմ հաջորդ ճամփորդության ժամանակ:

Ծննդատունը դեռ վերանորոգման փուլում էր, իսկ նորածնային բաժանմունքը պատրաստ ու վերազինված էր 2002 թվականին:  Այնուհետև ուշադրությունս տեղափոխվեց բժշկական անձնակազմի վերապատրաստման վրա, որը Քեթին իրականացրեց մի շարք բժիշկների և բուժքույրերի օգնությամբ, ովքեր նրա հետ ճանապարհորդել էին Մեծ Բրիտանիայից:

Առաջին տարիներըին նաև շրջագայել էր Արցախում, այցելել գյուղեր՝ տեսնելու, թե ինչպես է բուժօգնություն ցուցաբերվում մայրերին և նորածիններին։ Ես նրա հետ շրջեցի Արցախով՝ հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելու երկրի և նրա ժողովրդի մասին: Իմ առաքելությունը միշտ եղել է աջակցել Քեթիի աշխատանքին, ինչպես նաև աստիճանաբար սովորեցի օգտագործել  մեր բերած տեխնիկան Արցախում։

Իմ հիմնական նպատակն էր բազմաթիվ լուսանկարներ անել՝ ցույց տալու երկիրն ու նրա ժողովրդին, ինչպես նաև տեղեկացնել Մեծ Բրիտանիայի հանրությանը մի երկրի մասին, որի գոյության մասին քչերն էին լսել :

Հետագայում  իմ այցերը Արցախ հաճախակի դարձան , և բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ կապերի շնորհիվ ես ավելի ու ավելի շատ բան իմացա Վերականգնողական կենտրոնի և կենտրոնի տնօրեն ու հիմնադիր Վարդան Թադևոսյանի մասին։ Ինձ հետաքրքրում էին կենտրոնի գործունեությունն ու հիվանդների հետ աշխատելու առանձնահատկությունները։ Աշխատակիցների մոտ ձևավորված աշխատանքային էթիկան ոգևորիչ էր, իսկ աշխատանքին նվիրվածությունը՝ եզակի։

Տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնել է բուժման հնարավորությունները: Կենտրոնը տրամադրում էր ծառայությունների լայն շրջանակ, որը խթանում էր հիվանդների ստեղծագործական միտքը: Ես հնարավորություն ունեի իրականացնելու իմ սեփական լուսանկարչական նախագծերը, որոնք ցույց էին տալիս ոչ միայն հիվանդներին, այլև անձնակազմին և շենքի հարմարությունների մակարդակը, երբ այն զարգանում էր:

Կենտրոնի աշխատանքը չի սահմանափակվել միայն ստացիոնար և ամբուլատոր պայմաններում հիվանդների բուժմամբ։ Կենտրոնի մասնագետները հիվանդներին բուժել են նաեւ տնային պայմաններում՝ նրանց տրամադրելով բոլոր անհրաժեշտ դեղորայքն ու պարագաները։ Նրանք շրջում էին գյուղերում՝ ապահովելով հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն։

Ինձ վիճակվեց Վարդանին ուղեկցել որոշ ճամփորդությունների ժամանակ, ինչի շնորհիվ կարողացա գնահատել սոցիալական կենսամակարդակը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիության աստիճանը։ Մարդկանցից իմ առաջին տպավորությունն այն էր, թե որքան բարեհամբույր էին նրանք, և դա զարմանալի էր: Նրանք պատրաստ էին կիսել հացի վերջին կտորը։ Ինձ ջերմորեն ընդունեցին յուրաքանչյուր տուն, և չնայած ես չէի կարողանում խոսել նրանց լեզվով, մենք հիանալի «զրույցներ» ունեցանք:

Կասկածից վեր է, որ Արցախում ցածր կենսամակարդակը Ադրբեջանի հետ 90-ականների պատերազմի արդյունքն է։ Արցախյան կյանքը լրիվ տարբերվում էր Մեծ Բրիտանիայում իմ ապրած կյանքից։ Արցախցիներն իսկապես հպարտ էին իրենց երկրով։ Պատերազմի տարիներին ցուցաբերելով համառ տոկունություն, չնայած այլ երկրների օգնության բացակայությանը, նրանք անկախություն ձեռք բերեցին: Այս ժողովուրդը երկար պատմություն ունի, և ինձ շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, թե որքան սերտ է նրա կյանքը կապված ազգային ավանդույթների հետ։

Յուրաքանչյուր արցախցի, ինչպես ոչ ոք աշխարհում, հասկանում է հաղթանակի գինը և բարձր է գնահատում ազգային-ազատագրական պայքարի հերոսների հիշատակը։ Գեղեցիկ է Արցախի բնությունը, իսկ հատկապես տպավորիչ է հովիտների, գետերի ու լեռների բազմազանությունը։ Երկրաբանական ապշեցուցիչ առանձնահատկությունների, կանաչ արոտավայրերի ու ծառերի համադրությունը, ինչպես նաև կատակլիզմների կործանարար հետևանքները Արցախը դարձրել են գրեթե եզակի:

Ես շրջեցի ամբողջ Արցախով, այցելեցի հեռավոր գյուղեր և բոլոր հայտնի վանքերն ու եկեղեցիները, ինչպես նաև շատ գեղեցիկ վայրեր ու շինություններ, որոնք գտնվում էին զբոսաշրջային երթուղիներից հեռու։ Ինձ հնարավորություն ընձեռվեց տեսնելու պատերազմների ժամանակ մեծապես վնասված բազմաթիվ վայրեր, որոնք խիստ հակադրվում են ազգային նշանակության խնամված տարածքներին։

57 անգամ եղել եմ Արցախում։ Ցնցված եմ վերջին մի քանի տարիների իրադարձություններով, ագրեսիայի հաճախակի բռնկումներով և Արցախի խաղաղ ժողովրդի անվտանգության հանդեպ տոտալ անուշադրությունով։ Ես նաև զարմացած եմ բոլորի վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց երկիրն ու ժառանգությունը: Այնքան մարդ իր կյանքը տվեց, որ արցախցիները խաղաղ ապրեն, բայց ցավոք՝ ապարդյուն։

Շրջափակումը բնակչության բնաջնջման, բոլորին տարրական կենսապայմաններից զրկելու անմարդկային գործողություն էր։ Ռուսական խաղաղապահ ուժերը եղել են կողմնակալ և անարդյունավետ և քիչ բան են արել տարածաշրջանում ապրող բազմաթիվ երեխաներով ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար:  Դպրոցները չեն  աշխատել, երեխաներին անարդարացիորեն զրկել է կրթությունից:

Արևմտյան լրահոսում քիչ էր հաղորդվում դրա մասին, քանի որ այդ ժամանակաշրջանում աշխարհում այնքան կոնֆլիկտ կար, որ Արցախը լրատվամիջոցների լուսաբանման արժանի չէին համարում: Ես կարողացա կապ պահպանել որոշ ընկերների և ընտանիքների հետ, որոնց հանդիպելու պատիվ ունեի իմ այցելությունների ժամանակ, բայց նույնիսկ այն ժամանակ հեշտ չէր պատկերացնել այն ցավն ու հուսահատությունը, որով ապրում էին մարդիկ:

Մի առավոտ ես Վերականգնողական կենտրոնից Վարդան Թադևոսյանից ձայնային հաղորդագրություն ստացա, որտեղ նա նկարագրում էր խուճապը, երբ մարդիկ փորձում էին լքել Արցախը այն բանից հետո, երբ ադրբեջանական  ուժերը վերջնագիր ներկայացրեցին: Ես ապշած էի ադրբեջանցիների անմարդկային գործողություններից և միայն պատկերացնում եմ այն ​​մարդկանց վախն ու հուսահատությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքի և կյանքի հիշողությունների մեծ մասը հայրենիքում, և արդյունքում՝ մինչև հիմա, որքան գիտեմ, ցավոք, Արցախը դադարեց գոյություն ունենալ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Փոլ Մելորը։

Արսեն Աղաջանյան

Լուսանկարները՝ Փոլ Մելորի

f