Սոֆիա Հակոբյանը 2020-ից հետո շատ էր լինում հետպատերզմյան Արցախում, որպես լրագրող լուսաբանում էր տեղահանված ընտանիքների պատմությունները և հենց այդ ժամանակ հաստատուն որոշում կայացրեց՝ ապրել Արցախում: Ասում է, որ այդ սարսափելի թվացող իրականության մեջ իրական օգնությունն այն էր, որ պետք է ապրել Արցախում, այդ մարդկանց կողքին:
Արցախ տեղափոխվելուց հետո Սոֆիան հիմնեց «Սարն ի վերը», որի գլխավոր նպատակը Արցախի և Հայաստանի համար էկոլոգիապես մաքուր սննդամթերք ապահովելն էր: Նախագծի կարևոր մասն այն էր, որ հումքը մատակարարվում էր Արցախի գյուղական համայնքներից, որոնք արդեն սահմանամերձ էին:
Նախաձեռնությունը շատ մոտ էր Սոֆիային, քանի որ նա մի առ ժամանակ զբոսավար էր, շատ էր լինում սարերում և կարողանում էր օգտվել սարերի թարմ մթերքներից, որոնք անհասանելի էին քաղաքում ապրող մարդկանց համար:
Ցավոք, «Սարն ի վերը» Արցախում գործեց 10 օր, սկսվեց շրջափակումը, հետո պատերազմը: Թողնելով ողջ տեխնիկան Արցախում, մեծ դժվարությամբ Սոֆիան վերսկսեց Սարն ի վերի գործունեությունը Տավուշում: Դա սկզբունքի հարց էր, որպեսզի հետ նայելով շրջափակմանը, հաստատվի․ այն մեզ չի հաղթել, մենք ենք հաղթել շրջափակմանը:
«Սարն ի վերի» արտադրանքը շատ բազմազան է՝ Սոֆիայի պոլսահայ տատիկի հալվան, արցախյան կամ արևմտահայկական չորաթանը, Սասունի շարանը և այն ամենն, ինչ առողջ է և պետք է պահպանել: Եվ ինչպես Սոֆիան է ասում, այն միավորում է ողջ հայկական լեռնաշխարհը, հիշողությունները միավորող նախագիծ է:
Արտադրանքի հումքը բացառապես էկոլոգիապես մաքուր է և Հայաստանի տարբեր սահմանամերձ գյուղերից է: Իսկ ինչո՞ւ “Սարն ի վեր”։ Անվանումը վերցված է համշենահայերենից և իր մեջ ամփոփում է մի ողջ ապրելակերպ: Անձամբ Սոֆիայի համար այն խորհրդանիշ է Արցախ գնալու, այստեղ ապրելու և դժվար, անելանելի իրավիճակներին հայոց սարերի բարձունքից նայելու, մտածելու։ Գուցե՝ այնտեղ լուծումներ ավելի հեշտ կգտնեն:
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: