ՀՀ ՆԳՆ-ն փետրվարի 12-ին հրապարակել էր փաստաթղթերի նոր ցանկ` Արցախից բռնի տեղահանված անձանց պետական ռեգստրում հաշվառելու համար։ Անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին, ըստ ցանկի, պետք է ներկայացնել նաև տվյալ տարածքում բնակվելու իրավունքի ապացույց։ Նշվում է, որ ԼՂ-ից տեղահանված անձը որեւէ պետական գործարք իրականացնելիս պետք է ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում: Մասնավոր ոլորտում ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, ՀՀ հաշվառման հասցե ևս պահանջվում է: Այն ծառայում է որպես ծանուցումների հասցե:
Արցախից բռնի տեղահանված անձինք բազմիցս բարձրաձայնել են խնդիրը, որ որեւէ հասցեում հաշվառվելը խնդիրներ է առաջացնում, քանի որ, որպես կանոն, բնակարանների սեփականատերերը չեն համաձայնում իրենց բնակարանի հասցեում հաշվառել այլ անձանց։ Սկզբնական շրջանում, երբ կառավարությունը շրջանառության մեջ դրեց թոշակներ եւ նպաստներ ստանաու համար արցախցիներին հաշվառելու պարտադիր պահանջը, կառավարության անդամները հայտարարում էին, թե գործընթացը հնարավորինս հեշտացված կարգով կիրականացվի։
ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ավելի վաղ, անդրադառնալով հարցին, թե եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնություն, ապա ինչպե՞ս անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում, ասել էր, որ անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում, որից հետո ոստիկանությունը համապատասխան ստուգման արդյունքում անձնագրային ծառայությանը կտրամադրի տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում։
ՆԳՆ փետրվարի 12-ի հայտարարության մեջ, սակայն, խոսք չկա հեշտացված կարգով հաշվառման մասին, ավելին, ընդգծվում է, որ բռնի տեղահանված անձը պետք է ներկայացնի անձը հաստատող եւ տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր` սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող՝ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը step1.am-ի հետ զրույցում ասում է, որ սկսած հաշվառումից, վերջացրած մյուս գործընթացներով, Հայաստանի իշխանություններն այնպես են անում, որպեսզի արցախցիների համար հնարավորինս շատ խոչընդոտներ առաջանան։ Նպատակն է մարդկանց անընդհատ զբաղված պահել, որպեսզի այդ արհեստական խոչընդոտները հաղթահարելուց զատ մարդիկ ուրիշ բանի մասին չմտածեն։ «Այո՛, ի սկզբանե կարգն այնպես էր, որ հաշվառման կոնկրետ հասցե կարող էր չպահանջվել, փողոցի կամ համայնքի վրա էին հաշվառում, բայց այս նոր կարգավորումը, ես ենթադրում եմ, նաեւ պայմանավորված է նրանով, որ սկսել են վարձակալության գործարքները հարկման դաշտ բերել։ Հավանաբար ուզում են բոլորին նույնականացնել, որպեսզի հարկման դաշտ բերեն։ Բայց այն, որ միտում կա արցախցիների համար արհեստական խոչընդոտներ ստեղծել, դա ակնհայտ է, ոչ ոք չի կարող բացառել»,- ասաց փաստաբանը։
Գագիկ Թավադյանի խոսքով՝ հաշվառվելու համար անձնագրային ծառայություններում մեծ հերթերը շարունակվում են։ «Գնալով ավելի են սաստկանում այդ հերթերը։ Ես օրինակ բերեմ Աբովյան քաղաքի անձնագրային ծառայությունը, մարդիկ ամիսներով հերթագրված են։ Ես լրագրողներին կոչ եմ անում գնալ մարզեր, հատկապես այն բնակավայրեր, որտեղ արցախիցների թիվը մեծ է, եւ կտեսնեն, թե ինչ վիճակ է»,- ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ մարդիկ, հոգնելով այս սոցիալական խնդիրներից՝ կարող են արտագաղթել Հայաստանից։ «Արտագաղթի խնդիրը կա, հատկապես եթե հաշվի առնենք ՀՀ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ արցխցիների բնակարանային հարցերի մասին։ Սկզբում լրատվականների միջոցով դաշտ մտցրեցին խոսույթ, որ իբր քննարկվում են արցախցիներին բնակարանային փոխհատուցման ու սերտիֆիկատներ տրամադրելու հարցերը։ Մարդկանց մոտ որոշակի հույս արթանացավ։ Եվ հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, որ «երբ քննարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը, եկանք մի կարեւոր եզրակացության, որ մենք պետք է իրենց համար նույն պայմաններն ապահովենք, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Սա շատ կարեւոր է նաեւ լարվածություններ չառաջացնելու տեսակետից»։
Ի՞նչ լարվածության առաջացման մասին կարող է խոսք լինել, եթե մարդիկ բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից եւ այսօր բնակվելու տեղ չունեն։ Իմ գնահատմամբ՝ այս հայտարարությամբ նա ասում է՝ հույսներդ կտրեք ու գնացեք այստեղից։ Այնպես են անում, որ մարդիկ հույս չունենան եւ հնարավորինս շուտ արտագաղթեն։ Առավել եւս, որ երբ մարդիկ գնում են նույն Ռուսաստան, կապվում են իրենց հարազատների հետ ու ասում են, որ այստեղի համեմատ բնակարանների վարձակալության գներն ավելի մատչելի են»,- նշեց Գագիկ Թավադյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ արցախցիների բնակարանային հարցերը շատ լուրջ են, քանի որ բռնի տեղահանված անձանց մեծամասնությունը հնարավորություն չունի վճարելու վարձավճարները։ Ինչ վերաբերում է կառավարության տրամադրած 40+10 հազար աջակցության ծրագրին, փաստաբանը նշեց, որ այդ ծրագիրը մի օր դադարեցվելու է, մարդիկ ի՞նչ պետք է անեն։ Մյուս կողմից, աջակցության այդ գումարը շատ քիչ է, բնակարանի վարձավճարներին, կահավորմանը եւ առօրյա նվազագույն ծախսերին չի բավականացնում։
Step1.am
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: