Ալիևը պահանջել է վերացնել Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը։
Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն «արդեն կարգավորված է»։ «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահին։
Փաստորեն, Ալիևը հաստատում է, որ ԵԱՀԿ-ն շարունակում է պահպանել Մինսկի խմբի և հատուկ ներկայացուցչի մանդատը` չճանաչելով, որ «հակամարտությունը լուծված է»։ Նման ճանաչման դեպքում ԵԱՀԿ-ն պետք է արձանագրի, որ հակամարտությունների ուժային «կարգավորումը» օրինական է։ Բայց այդ դեպքում նա ստիպված կլինի ճանաչել նաև թուրքական Կիպրոսը, Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունները։ Սակայն ԵԱՀԿ-ն շարունակում է վճարել Կասպշիկի աշխատավարձը և պահպանել նրա գրասենյակը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը նույնպես հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ։ Կառավարության և արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրությունները բառ առ բառ ասվում է, որ “կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը”։
Փաշինյանը և Միրզոյանը չխոսեցին Մինսկի խմբի մասին՝ «միանալով» Ալիևի պահանջին և չեզոքացնելով Արցախի խնդրի լուծման ԵԱՀԿ մանդատը։