«Համազգայինի» Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ Արարատի մարզի Մասիս քաղաքում, որտեղ բնակություն են հաստատել Արցախից տեղահանված մեծ թվով ընտանիքներ, հանդես է եկել «Արցախի Ծիլ» տիկնիկային ստուդիան։
Հատուկ երեխաների համար ստուդիան ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» ներկայացումը Արցախի Մարտունի շրջանի բարբառով։ Վերջում տիկնիկավար Արմեն Գաբրիելյանը երեխաներին բացատրեց Բարեկենդան տոնի խորհուրդը և կազմակերպեց հայկական ավանդական խաղերի մրցույթներ։
Նախաձեռնությունն իրականացվել է Մասիս համայնքի ղեկավարին կից կանանց խորհրդի, Մասիսի ՀՅԴ գրասենյակի աջակցությամբ։
«Ավելի քան 200 երեխա Մասիս քաղաքից և համայնքի մի քանի գյուղերից կարողացան դիտել ներկայացումը։ Երեխաների համար հատկացվել են հատուկ ավտոբուսներ։ Դահլիճում ոչ միայն արցախցի երեխաներ էին, այլեւ տեղացիներ։ Մենք սերտորեն համագործակցում ենք Համազգայինի հետ և հույս ունենք պոզիտիվ իրադարձությունների, նոր նախաձեռնությունների»,- ասաց Կանանց խորհրդի ներկայացուցիչ Ծաղիկ Սաֆարյանը։
«Համազգային»-ի Արցախի գրասենյակի ղեկավար Հերմինե Ավագյանը նշեց, որ ներկայացումներ կկազմակերպվեն այլ համայնքներում, որտեղ բնակվում են արցախցիներ։ Ծրագրի նպատակներից մեկն էլ արցախյան բարբառի պահպանումն է։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: