Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ․ բայց ուղտի կաշին մի էշի բեռա

  • 10:24 19.02.2024

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին, թե Արցախը կորցնելուց, այդքան ձախողումներից հետո, արդյո՞ք ունի համարձակություն հրաժարական տալու և հեռանալու քաղաքական դաշտից ընդհանրապես։

«Արդեն 6 տարի կառավարում եք, եւ ձեր կառավարման սկզբից արցախյան բանակցությունների ողջ պատասխանատվությունը վերցրեցիք ձեզ վրա,  ինչ որ պետք է, այն էլ բանակցում եք, Արցախը Հայաստանն է ու վերջ, արդյունքում ունենք տարածքային եւ մարդկային կորուստներ, պարտված երկրի պարտված վարչապետ: 2020 թվականից եւս մեկ անգամ հնարավորություն ստացաք կառավարելու եւ խոստացաք արցախցիների իրավունքների եւ անվտանգության պաշտպանություն, չնայած կառավարության ծրագրում գրված է ինքնորոշման իրավունք։ Արձանագրենք, որ ձեր այս քաղաքականությունը եւս ձախողվեց, պարտված երկրի վարչապետը հայտարարեց խաղաղության դարաշրջան, եւ ունեցանք Հայաստանից տարածքային կորուստներ: Դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս եւ ստացաք վերջնական հայաթափում եւ համազգային աղետ: Հիմա ոչ լեգիտիմ իշխանություն, երկրորդ հանրապետության կորստից հետո ոչ լեգիտիմ վարչապետ, ռազմական նոր էսկալացիա, կոռուպցիոն սկանդալ: Պարո՛ն Փաշինյան, այս բոլոր ձախողումները տեղի են ունեցել ձեր կառավարման օրոք, դուք տարբեր պատճառաբանություններ կբերեք, բայց փաստը մնում է փաստ: Նախկինում ես ասում էի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ քաղաքական ուժեր կան, որ իրենից պահանջում են, որ հեռանան, սակայն իրենք մանդատ են ստացել ժողովրդից:

«Բայց մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»,-ասաց վարչապետը և նշեց, որ իրենք ստացած մանդատը վերադարձրել են երկու անգամ և կրկին ստացել։

Փաշինյանը նշեց, որ այժմ իրենց խնդիրը կենտրոնանալ պետություն ունենալու վրա և ոչ թե կորսված հայրենիքի անդադար տեսլականի հետևից գնալու։

«Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին։ Իհարկե կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթե մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթե այսպես շարունակենք, այ էդ ժամանակ կկորցնենք հայրենիքը»,-ասաց Փաշինյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչը նորից դիտարկում արեց, թե Փաշինյանը մանդատ չի ստացել Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում, նրան դրա համար չեն ընտրել. «Եթե դուք գնայիք ընտրությունների եւ ասեիք, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում, քանի մարդ ձեզ կընտրեր»:

Փաշինյանը ինքն ասաց, որ մարդիկ կարող են մտածել՝ “ես սա անում եմ նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ”։ Ինքնախոստովանության պես հնչեց, քանի որ ուրիշ բացատրություն նրա քաղաքականությունը չի ենթադրում։

Նա ճանաչեց, որ դեպի երկրի կործանում ճանապարհի կեսը ինքն արդեն անցել է եւ հանձնառու է գնալ մինչեւ վերջ։ Պետության կործանումից հետո նա եւս կասի, որ մանդատ է ստացել եւ չէր կարող հրաժարվել։ Կասի, որ հայերին պետականություն պետք չէ, հակառակ դեպքում նրանք, տեսնելով “կես ճանապարհի” արդյունքները, կտապալեին իրեն։ Եթե չեն տապալել, ուրեմն համաձայն են։ 

Հայաստանը իր բնական իրավունքներով, բեքգռաունդով եւ արմատներով այնքան մեծ ու խորն է, որ բոլոր տեսակի գիշատիչները չեն կարողանում այն արմատախիլ անել, գործի դնելով ներքին գիշատիչին։ Բայց, ինչպես Արցախում են ասում՝ ուղտի կաշին մի էշի բեռա։