Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված քաղաքացիների հետ. արդյոք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ կմնան Հայաստանում:
Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները Հայաստանում այսօր ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը, ըստ էության, փախստականի կարգավիճակ է։
«Մեր տեսլականը հետևյալն է․ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում:
Մեր արևմտյան և օտարերկրյա գործընկերները շատ քաջալերում են փաստը, որ Հայաստանի կառավարությունը ընդունակ եղավ մի շաբաթում հարյուր հազարից ավելի մարդ ընդունել և ընդունել առանց փախստականների ճամբարի:
Երկրորդ՝ կարող ենք ասել, որ երեխաների մեծ մասը գնում են դպրոցներ: 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 10 հազար մարդ արդեն աշխատանք ունի Հայաստանում: Սա լավ է, բայց ամբողջը չէ, որովհետև սա բռնի տեղահանված աշխատունակ մարդկանց երևի 30 տոկոսն է: Բոլոր թոշակառուներն արդեն իրենց թոշակը ստանում են, և մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր անել, որի քննարկման ժամանակ եկել ենք կարևոր երկու եզրակացության․ առաջին՝ այդ ծրագիրը պետք է հասանելի լինի նաև Հայաստանի քաղաքացիներին, երկրորդ՝ պարտադիր ենք համարելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, Հայաստանի քաղաքացիություն ստանան»,- եզրափակեց Փաշինյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: