Մարդ արարածի ծննդյան կարևորագույն իմաստներից մեկը ձգտումն է դեպի ազատություն և երջանկություն: Դա մարդու բնական իրավունքն է:
Հայն այն ազգերից է, որն իր պատմության ընթացքում իր պատմական հայրենիքում տուժել է՝ ստրկացվելով բռնակալ ռեժիմների կողմից, սպանվել, խոշտանգվել և բանտարկվել` հայկական պետությանը հակոտնյա համակարգերի կողմից: Եվ Հայ ազգն, օգտվելով իր բնական իրավունքից, ժամանակ առ ժամանակ ապստամբել է: Ապստամբել է ընդդեմ իր երկրի մեջ գործող, օտար կամ օտարին ծառայող ռեժիմների: Հայկ Նահապետից մինչև Նժդեհ, Նժդեհից՝ մինչև մերօրյա պարտվողական իրականությունը մերժողներ:
1920 թվականի դեկտեմբերի 2-ից հետո, երբ Հայաստանի առաջին հանրապետությունն ընկավ, զավթվելով և մասնատվելով թուրքական և կարմիր բանակի հարձակման արդյունքում, նորաթուխ, զավթված կարմիր Հայաստանում բոլշևիկների կողմից սկիզբ դրվեց «ռազմական կոմունիզմի» քաղաքականությանը: Բոլշևիկյան կառավարությունը սկսեց բռնաճնշումներ կիրառել Առաջին հանրապետության քաղաքական ընտրանու, մտավորականների և զինվորականների նկատմամբ: Կազմաքանդվեց հայկական բանակը, ձերբակալվեցին շուրջ հազար սպաներ, այդ թվում` զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանն ու Հախվերդյանը:
Կարմիր բանակը թալանում էր ժողովրդին: Խուզարկությունների նպատակով ներխուժում էին քաղաքացիների բնակարաններն ու առգրավում մարդկանց սեփականությունը` ոսկի, արծաթ ու այլ թանկարժեք իրեր: 1921 թ. փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը ձերբակալվեցին մոտ 200 դաշնակցականներ, ինչը ժողովրդի մոտ հասունացրեց ապստամբության դիմելու ցանկություն: Վերջինիս հաջորդող օրերին Կոտայքի Զար գյուղում տեղի ունեցած ընդհատակյա ժողովի ժամանակ որոշվում է բարձրացնել ապստամբության դրոշ: Իրականում բոլշեւիկյան բռնաճնշումները ծառայեցին իբրև ապստամբելու առիթ. ընդվզման բուն պատճառն ու նպատակը Հայաստանի Հանրապետության վերականգնումն էր:
1921 թ. փետրվարի 13-ին, օգտվելով այն փաստից, որ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով Կարմիր բանակի զորամասերի զգալի հատվածը դուրս էր եկել Հայաստանից՝ հայտարարվեց քաղաքացիական ապստամբություն, որի սկիզբը դրեցին Արագածում վերաբնակեցված սասունցիները։ Հարավային ճակատում զինյալները սկսեցին ապստամբությունը՝ մարտնչելով Կարմիր բանակի ռուսական բոլշևիկների դեմ (Արտաշատ քաղաքի Կամարլու շրջանում), որոնց հրամանատարը Մոլկոչանովն էր: Դրանք Կարմիր բանակի 2-րդ և 3-րդ գնդերն էին։ Ապստամբական ուժերը նրանց դեմ կռվում էին Փոքր Վեդի-Խոր Վիրապի շրջակայքում։
Սպիտակի ճակատում հայկական ապստամբները գործեցին Բաշ-Ապարանից Սպիտակ ուղղությամբ ՝ ունենալով հինգ հարյուր կանոնավոր զինվորական, ինչպես նաև մոտ հազար մարդ։ Նրանց գեներալ-հրամանատարը Քենդերյանն էր։ Նրա զորքերը հսկում էին Սպիտակի բարձունքները և փորձում հասնել Վանաձոր։ Հրազդանի հյուսիս-արևելյան ճակատում գտնվող ապստամբական ուժերի հրամանատարն էր Արամ Դավոյանը, ով հետագայում փոխարինվեց գնդապետ Սարգսյանի կողմից։ Այստեղ կենտրոնացած էր ապստամբական ուժերի զգալի մասը, քանի որ Երևան-Սևան ճանապարհը մեծ նշանակություն ուներ Հայաստանի և նրա ազատագրական պայքարի համար։ Զանգեզուրից Գարեգին Նժդեհի զորքերն օգնության հասան ռազմաճակատի՝ Գավառի տեղամասում գտնվող ապստամբներին։
Փետրվարի 18-ին, Կուռո Թարխանյանի և Բաշգյառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ, ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտեն»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Ապստամբների կողմից Երևանը ազատագրելուց ժամեր առաջ, բոլշևիկները՝ մինչև հեռանալը, կացնահարեցին հայուրավոր հայ բանտարկյալների, այդ թվում` Սարդարապատի հերոսներին:
Բանտարկյալները թուրք դահիճների ձեռքով մահապատժի են ենթարկվել Երևանի բանտում։ Հերոսներին կացնով գլխատել են ամենադաժան եղանակով. գաղութի մոտ բերվել են բեռնատարներ, միացրել են դրանց շարժիչները, որպեսզի խլացնեն գլխատվողների ճիչերը։
Ցեղասպանությունից մազապուրծ եղած փոքրաթիվ հայությունը, չնայած իր ապստամբական ոգու և անկախ պետականության հանդեպ ունեցած մեծ սիրո, չդիմացավ բոլշևիկյան բանակի ճնշմանը, որը 42 օրերի ընթացքում հասցրել էր վերակազմավորվել և վերահամալրվել, և Հայաստանը նորից զավթվեց;
Ապրիլի 2֊ին վերականգնվեց բոլշևիկյան իշխանությունը: Վերակազմավորված կարմիր բանակը կոտրեց հայկական զորքերի դիմադրությունը։
Ապրիլի 2֊ից օրեր առաջ, մարտի 16-ին, Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության պայմանագիրը (Մոսկվայի պայմանագիր), որով Հայաստանի մի մեծ հատվածը հանձնվեց թուրքերին:
Խեղաթյուրված պնդում կա, որ 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի ստորագրմանը հանգեցրեց Փետրվարյան ապստամբությունը: Իրականում, մարտի 16-ի ակտը երկրորդ հանդիպումն էր: Մոսկովյան պայմանագրի նախաստորագրումը կայացել է Լենինի և Էնվերի միջև համաձայնագրով, որը տեղի է ունեցել 1920 թ օգոստոսին` մինչև Փետրվարյան ապստամբությունը, և որով Հայաստանն արդեն կիսվել էր:
Զանգեզուրի Նժդեհյան հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ՝ Զանգեզուրը մնաց սովետական Հայաստանի կազմում, իսկ բոլշևիկյան իշխանություններին պարզ դարձավ, որ նրանք որոշ չափով պետք է զսպեն իրենց բռի վերաբերմունքը դեպի հայությունը՝ հնարավոր կրկնվող ապստամբություններից խուսափելու համար։ Ապստամբության շնորհիվ փրկվեց նաեւ հայ ազգի այն քաղաքական դասը, առանց որի, հայությունը կկորցներ իր ապագային նետված ազգային նկարագիրը, մասնավորապես փրկվեցին այնպիսի մտավորականներ, հայ հոգևորականեր և քաղաքական գործիչներ, ինչպիսիք են` Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, և այլք:
New York Times-ը հաղորդում է հայկական ապստամբության մասին. մարտի 17, 1921 թ.
Ինչպես նաև Զանգեզուրի հերոսամարտը և Փետրվարյան ապստամբությունն, ի հեճուկս բոլշևիկա-թուրքական տանդեմի, հիմք դրեց ապագա Հայկական պետության վերածնմանը, որոշ չափով հայ ազգի քաղաքական ինքնության պահպանման և վերականգման ընթացքին: Նույնիսկ բոլշևիկյան լայնամասշտաբ քարոզչամեքենայի օրոք, որը գործում էր ի նպաստ Հայոց ոգու կոտրմանը, և նույնիսկ ցեղասպանված ու հոգնած ազգի մեջ, ի հայտ եկան հազարավոր հայորդիներ, որոնք ընդզվեցին բռնակալության դեմ` հանուն Ինքնիշխան Հայկական Պետության:
Առաջին Հանրապետության կողմից հայության մեջ վերածնված սերը դեպի պետականությունը, վառեց փետրվարի 18-ի ապստամբության կրակը: Ապստամբության ոգին ապրում է հայի մեջ միշտ:
Նույնիսկ հիմա՝ ռուս- թուրքական զավթումից և ներքին գործակալական իշխանական- «ըննդիմադիր» համակարգի դավաճանությույնից հետո, հայի ապստամբ ոգին կոտրելու բոլշևիկյան ավանդույթների համաձայն ՝ 2022թ. մայիսի 28-ին ՝ Հանրապետության օրը, ձերբակալեցին «Սասնա ծռեր» ապստամբներին։ Նախկին երեք հանցավոր ռեժիմները և ներկայիս թրքամետ իշխանությունը գործել և գործում է բոլշևիկյան տրամաբանության մեջ, սակայն չնայած այս ամենի՝ հայ ժողովուրդի մեջ շարունակում է շնչել ապստամբության ոգին և սերը առ ազատություն և ձգտումը առ ինքնիշխան պետականություն։
2016 թվականին մերօրյա ապստամբները 1921 թվականի մեր ապստամբների օրինակով համարձակություն ունեցան ապստամբել գաղութարար ռեժիմի դեմ և 4 տարով հետաձգել այն աղետը, որը տեղի է ունենում 2020 թվականից։ Սասնա ծռերը այսօր էլ բանտերից դիմադրության ուղերձներ են հղում հայ ժողովրդին։
Ինչպես 103 տարի առաջ, այնպես էլ այսօր տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, և մենք շատ սթափ պետք է գիտակցենք, որ ռուսական կայսրության նահանջը մեր տարածաշրջանից սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, երբ Արցախում սանձազերծվեց 44-օրյա պատերազմը։
Ռուսաստանն այդ պատերազմը հրահրեց՝ նախընտրելով ստիպված կիսել տարածաշրջանը Թուրքիայի հետ և, ըստ Ուկրաինայի վրա հարձակման ծրագրերի ու դրանից բխող Արևմուտքի կործանարար պատժամիջոցների շրջանցման հնարավորությունների, ելք ապահովել դեպի առաջադեմ աշխարհ՝ միջանցք բացելով Սյունիքով։ Ռուսաստանը իր համար կենսական անհրաժեշտություններից մեկն է համարում Թուրքիայի հետ կապը նժդեհյան Սյունիքի վրայով։ Սակայն ռուս- թուրքական պլանը դեռ կիսատ է մնում. Սյունիքը դեռ չի հանձնվել, իսկ Հայաստանը դեռ դեյուրե չի կորցրել պետականությունը։
Անգամ 2023 թվականի սեպտեմբերյան ռուս- թուրքական տանդեմի և թրքամետ Փաշինյանական վարչակարգի ջանքերով իրականացված Արցախի հայաթափումն ու զինաթափումը` ռուսներին ու թուրքերին չբերեց իրենց նպատակին։ Ձևավորվող նոր աշխարհակարգի ռազմավարության և հնդեվրոպական ապագա միջազգային ուղիների պլանների համաձայն՝ Սյունիքն այն կետն է, ուր համընկնում են Արևմուտքի, Հնդկաստանի և նույնիսկ Իրանի շահերը։
Բայց ոչ մի ուժ մեզ չի կարող օգնել, եթե հայ ժողովուրդը չդիմադրի։
Պարզ նայելով մեր անցյալին, սթափ գնահատականներ տալով մեր պատմությանը, մեր բացերը ընդունելով՝ մենք պետք է դասեր քաղենք, նայենք առաջ ու պատրաստ լինենք կռվելու, ինչպես դա արեցին 1921 թվականի ապստամբները, ինչպես դա արեց 1988 թվականին հայ ժողովուրդի մի մասն, ինչպես դա արեցին 2016 թվականին Սասնա ծռերը։ Նաև հիշենք այն դիմադրությունը, որը տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, ի հեճուկս Հայաստանի դեմ կազմակերպված դավադրության ու ներքին համակարգային դավաճանության, հայ զինվորներն ու կամավորականները արիաբար մարտեր վարեցին։
Մենք նրանց ինքնիշխան, միացյալ և ազգային-ժողովրդավարական Հայկական պետություն ենք պարտք: Մենք Եռաբլուրին Արցախ ենք պարտք:
Փետրվարի 18-ի` ազգային տոնի լույսը պետք է վերածնենք 21 դարին հապատասխան ազգային պետության կերտմամբ:
2024 թվականը պետք է պատմության դասագրքերում մնա որպես ապստամբության և ազատագրման տարեթիվ. ապստամբությանը այլընտրանք չկա՛։
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի անդամ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: