Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու հարցին անդրադառնալով՝ Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասալ է․ «Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր իրականացնել, բայց այդ բնակարանային ծրագրի քննարկման ժամանակ եկել ենք կարեւոր երկու եզրակացության։ Առաջինը, որ այդ ծրագիրը պետք է նաեւ նույնքան հասանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Երկրորդը, մենք պարտադիր ենք համարելու, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր այն քույրերը եւ եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանան»։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն օրերս տեղեկացրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ քննարկվել են արցախցիների բնակարանային հարցերը։ «Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում քննարկեցինք արցախցիների բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ կառավարության խիստ նախնական առաջարկները, որոնք, ըստ իմ գնահատման, խիստ անբավարար էին ներկա պայմաններում հարցերը լուծելու համար։ Որոշվեց, որ մեր կողմից արված դիտողությունները հաշվի առնելուց հետո, կկազմվի նախնական ծրագիր, որը նորից հասարակության հետ քննարկելուց հետո կկազմեն վեջնական ծրագիր։ Իմ տպավորությամբ, եթե մեր հասարակությունը իր վճռական խոսքը չասի, այս կառավարությունից լավ որոշում չի սպասվում»,- տեղեկացրել էր Լեւոն Հայրյանը։
Step1.am-ի հետ զրույցում Լեւոն Հայրյանը մանրամասներ ներկայացրեց այդ քննարկումից։ «Հիմնականում ասել են մի բան, որն անհեթեթություն է, եւ իրենք էլ գիտեն, որ իրականանալի չէ։ Բնակարանային խնդրի լուծման համար բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3 մլն դրամ են առաջարկում։ Ընդ որում, անչափահասներին այդ 3 միլիոնն անվերադարձ են տալիս, իսկ չափահասներին 4-6 տարով` (ժամկետները դեռ քննարկում են) որպես անտոկոս վարկ։ Այս աշխատավարձերով, այս պայմաններում մարդիկ ո՞նց պետք է այդ փողը վերադարձնեն, հայտնի չէ։ Ասում են, որ իրենք հաշվարկներ են արել՝ Դիլիջանում, Աշտարակում, Էջմիածնում, այս տիպի քաղաքներում երկրորդային շուկայում բնակարանի մեկ քմ արժեքը 200 հազար դրամ է»,- ասաց Լեւոն Հայրյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ հանդիպմանը ներկա արցախցիներն ասել են, որ մեկ անձի հաշվով 3 մլն դրամը քիչ է։ «Ես ասացի՝ երբեք չփորձեք մեզ ասել՝ փող չկա, կառավարությունը պարտավոր է փող ճարել։ Երկրորդ, ասացի՝ ես չեմ մոռացել, որ դուք պատերազմից հետո երկու տարվա ընթացքում 210 մլրդ դրամ ուղարկել եք Արցախ՝ կապիտալ շինարարության համար, եւ փոշիացրել եք։ 210 մլրդ դրամը, երբ բաժանում ենք փախստական ընտանիքների վրա, մեկ ընտանիքի համար միջինը 70 մլն դրամ է կազմում, որը եւ բիզինես է, եւ տուն»,- նշեց նա։ Լեւոն Հայրյանը առաջարկել է երկրորդ տարբերակով արցախցիների համար ավան կառուցել, սոցիալական տներ հատկացնել, որպեսզի համայնքը միասին ապրի։ Ըստ նրա՝ եթե համայնք լինի, այդտեղ դպրոցներ, մանկապարտեզներ, սպասարկման կենտրոններ կլինեն, դրանով նաեւ որոշ չափով կլուծվի գործազրկության հարցը։
«Այսինքն՝ կանչել էին մեզ հետախուզելու։ Ասացի՝ չասեք, որ կառավարությունը փող չունի, այն միջպետական վարկը՝ տարեկան 144 մլրդ դրամը, որ տալիս էին Արցախին, եթե ընդամենը մեկ տարի էլ այդ վարկի փողը տան արցախցիներին, յուրաքանչյուր ընտանիքի 50 մլն դրամ կհասնի։ Իրենք ասացին, որ մեր առաջարկություններն էլ ներառյալ կառավարությունում քննարկելու են, որոշման նախագիծ են կազմելու, նորից մեզ հետ քննարկելու են»,- նշեց Հայրյանը։ Առաջիկայում նա պատրաստվում է կառավարությանը ներկայացնել արցախցիների նոր առաջարկները։ Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ գուցե կլինեն ընտանիքներ, որոնք ոչ թե բնակարան գնելու, այլ բիզնես հիմնելու, օրինակ, ֆերմա կառուցելու գումարի կարիք կունենան։ Կառավարությունը կօգնի այդ բիզնեսը հիմնել, այնուհետեւ այդ ընտանիքներն իրենց վաստակած գումարով բնակարան կգնեն։
«Ես միտում չնկատեցի, որ անպայման ցանկանում են մեզ Հայաստանի քաղաքացի դարձնել։ Այսինքն՝ մեզ հետ զրույցում դա որպես պարտադիր պայման չներկայացրին»,- հավելեց Լեւոն Հայրյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: