Մոսկվայի աճուրդի տանը վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի «Աճուրդային հոլդինգին»։
«Ինչպես սպասվում էր, արվեստասերների շրջանում մեծ իրարանցում էր առաջացրել հավաքածուի գոհարն ու աճուրդի գլխավոր լոտը՝ Կոստանդնուպոլսի ծովային տեսարանը, որը ստեղծվել է 1878 թվականին։ Ստեղծագործության համար վճարվել է 92 միլիոն ռուբլի»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Աճուրդային հոլդինգը» հաղորդել էր, որ Այվազովսկու այս գործը աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով։ Սրանից հետո Ուկրաինայի նախկին դատախազ Գյունդուզ Մամեդովն ասել է, որ նկարը կարող է անօրինական ծագում ունենալ։
Աճուրդի հոլդինգը ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է, որ աճուրդի չի դրվել Ուկրաինայի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտնված Այվազովսկու «Լուսնի գիշեր» կտավը՝ նշելով, որ խոսքը նկարչի նույն անունով մեկ այլ կտավի մասին է։
Մոսկվայում կայացած աճուրդում ներկայացվել է 2008 թվականին Շվեդիայի Stockholms Auktionsverk աճուրդում գնված նկարը։ Փնտրվում է Այվազովսկու մեկ այլ նկար, որը թվագրվում է 1882 թվականին և գրանցված է Սիմֆերոպոլի պետական թանգարանի հավաքածուներում։