Ապրելու ձայնը. գրական հանդիպում “արցախյան” անկյունում

  • 16:12 19.02.2024

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Թումանյանս» սրճարանի համագործակցությամբ մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը, որի շրջանակում յուրաքանչյուր ամիս «Թումանյանս»-ում կկազմակերպվեն հանդիպում-զրույցներ Արցախի գրական և մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Նպատակն է՝  եւ՛ ներկայացնել, եւ՛ բացահայտել Արցախի մեր շնորհալի հայրենակիցներին։

Առաջին  գրական հանդիպումը կազմակերպվել է գիրք նվիրելու օրվա նախօրեին։ Մասնակիցներն Արցախի գրողների միության  վարչության անդամներն էին։ Ջերմ և անմիջական մթնոլորտում իրենց ստեղծագործությունները կարդացին Նորեկ Գասպարյանը, Տաթև Սողոմոնյանը, Ալիսա Բաղդասարյանը, Սոնա Համբարձումը,  Զարինե Սառաջյանը, Սերգեյ Սաֆարյանը, Նանար Պողոսյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին արցախցի երաժիշտների կատարումները։

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանի խոսքով՝ նման հանդիպումները շարունակական են լինելու։ «Նախաձեռնությունը համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակինն է։ Այն կազմակերպվել էր 2022թ. Արցախում։ Այդ ընթացքում Արցախի գրականությանն ու մշակույթին նվիրված յոթօրյա հանդիպումներ կազմակերպեցինք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ գյուղերում։ Հրավիրեցինք Հայաստանի գրողների միության անդամներին։ Արցախի գրասենյակը նպատակ ուներ այդ հանդիպումները շարունակական դարձնելու, բայց տեղի ունեցան սարսափելի դեպքեր։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների և այն ցավի, որ բոլորս կրում ենք՝ մենք որոշեցինք շարունակել նախաձեռնությունը Մայր Հայաստանում։ Անհրաժեշտ է «ապրելու ձայնը» հնչեցնել գրականության լեզվով, մշակույթի լեզվով»,-ասաց Հերմինե Ավագյանը։

Երաժշտական կոնսերվատորիայում սովորող արցախցի ուսանողները երգեցին Արցախի մասին Արցախի բարբառով երգեր։

Տաթև Ազիզյան

Նկարները՝ Գագիկ Հարությունյանի

f