«Իսկ ո՞վ է Փաշինյանը, որ այս կամ որոշումն առոչինչ ճանաչի կամ հայտարարի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը գործում է կամ չի գործում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը իրավական ուժ չունի, «քանի որ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող»։
Ըստ փաստաբանի՝ դա Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ կարծիքը կարող է լինել եւ որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել։ «Այստեղ մի շատ կարեւոր հանգմանք կա՝ իր այդ վկայակոչած որոշումը դրված է ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում։ Իսկ մեր Սահմանադրությունը սկսվում է Անկախության հռչակագրում հանրահռչակված սկզբունքներով։ Թե ինչ կհայտարարեն, ոնց կհայտարարեն, դա այլ հարց է։ Սա հենց այդ նույն շղթայի մեջ է, որ Ադրբեջանից պահանջ է դրվում փոխել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Սինխրոն գործում են, գրեթե ակնհայտ է, որ համատեղ պայմանավորվում են, թե ով ինչ խոսույթ է մտցնելու դաշտ, եւ մեկը մյուսին փոխլրացնելով՝ առաջ են տանում իրենց օրակարգը։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր պարագլխով, ես համոզված եմ, որ իրենք Սահմանադրության այդ փոփոխություններին են գնալու»,- ասաց Գագիկ Թավադյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումն անկախ ամեն ինչից գոյություն ունի։ Եթե ՀՀ իշխանություններն ազգային իշխանություն լինեին, իրենց առօրյա գործունեությունը միտված կլիներ այդ որոշումն ի կատար ածելուն, այսինքն՝ Անկախության հռչակագրով հանրահռչակված մեր ազգային իղձերի իրագործմանը։ Դրանցից մեկը Արցախի վերամիավորումն է Հայաստանի Հանրապետությանը, երկրորդը՝ Հայոց ցեղասպանությասն ճանաչման գործընթացն է։ «Ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը։ Ես այդ հարցին այսպես կպատասխանեմ՝ ՀՀ յուրաքանչյուր գիտակից քաղաքացու հաջորդ քայլը պետք է ուղղված լինի այսօրվա իշխանություններին փոխելուն։ Այլապես կզրկվենք նաեւ այսօրվա ունեցածից»,- հավելեց փաստաբանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: