Վահրամ Բալայանը գնահատական չտալով՝ գնահատական տվեց

  • 12:39 20.02.2024

Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանին համարո՞ւմ է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողության մասնակից, ասել է․ «Չէ, մաս չեմ համարում։ Այդպիսի գնահատականներ չպետք է տանք, որովհետեւ կան բազում ու բազմաթիվ հանգամանքներ, մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Հուզական դաշտում չպետք է գործենք, պետք է եղած հնարավորություններն օգտագործենք եւ շարունակենք մեր պայքարը»։

Նրա խոսքով՝ ամեն անգամ նման գնահատականներ տալով՝ մեր հնարավորությունները ավելի ենք սահմանափակում։ Ըստ նրա՝ այսօր նման գնատականներ տալը դեռ վաղ է, որովհետեւ դեռ ճանապարհ ունենք անցնելու։

«Ինձ թվում է՝ եղած հնարավորություններից մենք չպետք է զրկվենք, պետք է շարունակենք աշխատել, ինչ-որ ձեւով մեր ամբողջական վերադարձն ապահովելու համար։ Այսինքն՝ չպետք է շտապել, անընդհատ գնահատականներ տալ, պետք աշխատանք կատարել»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ռուս խաղաղապահների գործողություններն Արցախում, Բալայանն ասաց․ «Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված պարտականությունները չեն կատարվել»։

f