Վահրամ Բալայանը համաձայն չէ Փաշինյանի հայտարարության հետ

  • 13:40 20.02.2024

Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենում արած այն հայտարարությանը, որ ըստ միջազգային հանրության մոտեցման՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվեր ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ այսինքն՝ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով։

«Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ անչափ կարեւոր է շեշտել, որ մենք որեւէ երկրի, որեւէ ժողովրդի տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել։ Շատ կարեւոր է, որ դա մեր դիվանագիտությունն օգտագործի, բայց, ցավոք սրտի, չի օգտագործում»,- ասաց Վահրամ Բալայանը։

Նա նշեց, որ խորհրդային ժամանակահատվածում եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ, որը որոշակի կարգավիճակ է ունեցել Խորհրդային միության կազմում, ինչպես խորհրդային Ադրբեջանն է ունեցել։

«Ավելին ասեմ՝ մենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ձեւավորումից հետո Սահմանադրություն ենք ունեցել։ Այդ Սահմանադրության մեջ գրված է, որ պաշտոնական պետական լեզուն հայերենն է։ Այսինքն՝ մենք ինքնորոշվել ենք մեր տարածքի վրա, ազատ ապրելու մեր իրավունքն իրացնելու տեսնակյունից։ Եվ կարծում եմ, որ իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա։ Այսօր խոսել այն մասին, որ Ադրբեջանի տարածքում պետք է լիներ ինքնորշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է մեզ համար»,- հավելեց Բալայանը։

Նա նշեց, որ 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց պատմական՝ իրավական տեսանկյունից անխոցելի որոշում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու վերաբերյալ։

«Բայց դեպքերը հետագայում այնպես զարգացան, որ ճիշտ է, մենք պետականություն ձեւավորեցինք, անցանք ճանապարհ, բայց բազմաթիվ գործոնների ազդեցության տակ չկարողացանք մեր ունեցածը պահել ու պաշտպանել։ Այսպիսի մի խոսք կա՝ պատմությունը ոչ միայն դաս է, այլ նաեւ պատիժ բոլոր նրանց համար, ովքեր պատմության դասերը հաշվի չեն առնում։ Ցավոք սրտի, մենք մեր անցած ժամանակահատվածի դասերը հաշվի չառանք եւ չկարողացանք պահպանել մեր պետականությունը, որն իսկապես մեծ արժեք է։ Կարծում եմ՝ այդ էջը դեռ փակված չէ, ամեն մի սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման տեսակետից։ Ճիշտ է, այսօր մենք հուսախաբված ենք, մի տեսակ կոտրված ենք, բայց ինձ թվում է, որ պետք է եղած հնարավորություններն օգտագործել եւ հզորացնել Հայաստանի Հանրապետությանը։ Հենց այդ ամենի համատեքստում էլ պետք է փորձել հետագա մեր պայքարը շարունակել ու մեր պատմական հայրենիքի մի հատվածը նորից ազատագրել»։

f