Գաբրիելյան․ «Ուղերձն այն էր, որ պետք է դեպի Արցախ վերադարձ ապահովենք»

  • 13:52 20.02.2024

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաներն այսօր ժամանել են Երեւանում Արցախի ներկայացուցչություն, որտեղ միջոցառում է տեղի ունեցել։

Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախ ԱԺ նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը լրագրողներին ասաց, որ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Ուղերձն այն էր, որ պետք է դեպի Արցախ վերադարձ ապահովենք»,- ասաց նա։ Հարցին, թե ի՞նչ ճանապարհով պետք է ապահովել վերադարձը, Գաբրիելյանը պատասխանեց․ «Այդ մասին քննարկում չի եղել, ճանապարհները տարբեր են։ Ես կարող եմ միայն իմ տեսակետը նշել ճանապարհների մասին։ Դեպի Արցախ վերադարձը կապված է հայոց վերածննդի ու հայոց զարթոնքի հետ։ Առանց հայության զարթոնքի ոչ մի դեպքում հնարավոր չի լինի վերադարձ ապահովել։ Այդ զարթոնքը լինելու է այն դեպքում, երբ բոլորս միասին կանգնենք, այս իշխանություններին հեռացնենք, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ։ Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի եւ ամեն ինչ անում են, որպեսզի մոռացության տան ոչ միայն Արցախը, այլ նաեւ պատմական մեր հայրենիքը»,- նշեց նա։

Ըստ Ալյոշա Գաբրիելյանի՝ այսօր քննարկվել են նաեւ Արցախի համայնքի, մշակութային արժեքների պահպանության հարցերը։ Ըստ նրա՝ չպետք է թույլ տալ, որ արցախցիները ցրվեն։ Հարցին, թե քննարկման ժամանակ Սամվել Շահրամայանն անդրադարձե՞լ է Արցախը լուծարելու մասին իր հրամանագրին, Ալյոշա Գաբրիելյանը պատասխանեց․ «Ո’չ, ես դրան այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ ոչ մի անձ չի կարող ժողովրդի՝ հանրաքվեով ձեւավորված կամարտահայտությանը դեմ գնալ»։

f